Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահական ընտրություններն արդեն «պատմական» ու «ռեկորդային» են գնահատվում


Ուկրաինա - Թեկնածուների քանակը նախագահական ընտրություններում ըստ տարիների

Ուկրաինայի նախագահական ընտրություններն արդեն գնահատվել են «պատմական» ու «ռեկորդային»: Երկրի ղեկավարի աթոռի համար կպայքարի 44 թեկնածու, 47 հայտ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է:

Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից 16-ը պատգամավոր են, երկուսը նախկինում ղեկավարել են երկրի անվտանգության ծառայությունը, մեկը կատակերգակ դերասան է, մեկը՝ նախկին բարձրաստիճան զինվորական, նախագահ է ուզում դառնալ նաև կալանքի տակ գտնվող քաղտեխնոլոգը, թեկնածուներից երկուսն էլ Տիմոշենկո ազգանունն ունեն՝ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն և պատգամավոր Յուրի Տիմոշենկոն, որին մեղադրում են ընտրողներին թյուրիմացության մեջ գցելու և նախկին վարչապետից քվեներ տանելու համար ընտրություններին մասնակցելու մեջ:

Մարտի 31-ին նախատեսված Ուկրաինայի նախագահական ընտրությունների նկատմամբ այս աննախադեպ հետաքրքրությունը քաղաքագետները մի քանի հանգամանքով են բացատրում․ թերևս ամենատարածվածը՝ թեկնածուների մեծ մասն իրականում ոչ թե նախագահի աթոռի, այլ Գերագույն ռադայում հայտնվելու համար են պայքարում՝ օրենսդիր մարմնի ընտրությունները նախատեսված են գալիք հոկտեմբերին:

Մինչ այս պահն անցկացված տարբեր հարցումների արդյունքներով՝ բարձր վարկանիշ ունեն երեք թեկնածուներ՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն և, որքան էլ շատերի համար անսպասելի է, կատակերգակ դերասան Վլադիմիր Զելենսկին: Չնայած վերջինիս հասցեին հնչող մեղադրանքներին՝ Ուկրաինայի հետ պատերազմող Ռուսաստանում բիզնես նախագծեր ունենալու և այդ մասին լռելու, ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու քաղաքական նախագիծը լինելու վերաբերյալ, այդուհանդերձ, շոու բիզնեսից քաղաքական դաշտ տեղափոխված Զելենսկու օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների մեծամասնությունը, ընդ որում, նրան պատրաստ են ընտրել մի քանի տարիքային խմբեր՝ ինչպես երիտասարդներ, այնպես էլ ավելի բարձր տարիքի ընտրողներ:

Զելենսկին քարոզարշավն իրականացնում է հիմնականում համացանցում՝ «Ժողովրդին մոտ» կարգախոսի ներքո: Հիմնականում երգիծական բնույթի տեսանյութեր է հրապարակում, պարբերաբար ուղիղ կապ է հաստատում պոտենցիալ ընտրողների հետ, օրինակ՝ խնդրում է օգնել իրեն գովազդային վահանակների գույներն ընտրելու հարցում:

Դերասանին իր վարկանիշով հաջորդում է Յուլիա Տիմոշենկոն: Սա նախագահ դառնալու նրա երրորդ փորձն է: Ուկրաինական կառավարության նախկին ղեկավարը, ով կոռուպցիոն մեղադրանքներով մի քանի տարվա ազատազրկման էր դատապարտվել, խոստանում է ընտրվելու դեպքում սահմանադրական փոփոխությունների միջոցով վերացնել նախագահի, պատգամավորների և դատավորների անձեռնմխելիությունը, եռապատկել աշխատավարձերն ու թոշակները, կրկնակի նվազեցնել կոմունալ ծառայությունների սակագները:

Պետրո Պորոշենկոն իր վարկանիշով առայժմ երրորդ հորիզոնականում է: Ի տարբերություն իր գլխավոր ընդդիմախոսի՝ Պորոշենկոն չի խոստանում նվազեցնել սակագները, ընդհակառակը՝ պնդում է, որ գազի գները բարձրացնելու վերաբերյալ արտասահմանյան գործընկերների պահանջն արդարացի է, և Ուկրաինան պետք է այն կատարի, քանի որ ցանկանում է անդամակցել Եվրամիությանը: Ի դեպ, Եվրամիությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելը Ուկրաինայի գործող նախագահի գլխավոր նախընտրական խոստումներից է: Ինչ վերաբերում է Դոնբասում շարունակվող ռազմական գործողություններին և Ղրիմի բռնակցմանը, ապա Պորոշենկոն խոստանում է Ռուսաստանի հետ սառը խաղաղության հասնել՝ զուգահեռաբար ամրապնդելով զինված ուժերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG