Մատչելիության հղումներ

Կառավարության որոշումն ուղղված է զինծառայողների սննդի կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն


Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց փոփոխություն մտցնել Զինված ուժերի պարենավորման գործընթացում․ եթե մինչև հիմա գործընթացը իրականացվում էր Զինված ուժերի միջոցով, ապա որոշման նախագծով առաջարկվում է գործընթացում ներգրավել մասնավոր գործընկերոջ:

Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղարիբյան ներկայացրեց նախագծով սահմանված նվազագույն պահանջները:

Նրա խոսքով, ծրագրի համար անհրաժեշտ է առնվազն երեք ընկերությունների մասնակցություն: Երկուսն արդեն արձագանքել են․ - «Եվ առավելագույնը ութ հազար զինծառայողի հաշվարկով: Այստեղ արդեն ունենք վերին շեմի սահմանափակում, որպեսզի մոնոպոլացում չգնա»:

Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այս նախագծի նպատակը զինվորի սննդի որակը մի քանի անգամ բարձրացնելն է՝ առանց Զինված ուժերի սննդի ապահովման համար հատկացված միջոցները ավելացնելու:

Ծրագիրը փորձնական է, և ըստ վարչապետի, պարզաբանման ենթակա բազաթիվ հարցեր կան, որոնցից գլխավորն այն է, թե ինչու գործընթացը մրցույթով չի արվում․ - «Սա ըստ էության մրցութային գործընթաց է, բայց տեղի է ունենում մրցութային սովորական տրամաբանությունից դուրս: Ինչո՞ւ ենք մենք այդպես անում, արդյո՞ք ժամանակ խնայելու, թե՞ այլ նկատառումներով: Կարծում եմ, այս հարցերը պետք է լիարժեք և հանրամատչելի պատասխան ստանան»:

Ըստ փոխնախարար Մակար Ղարիբյանի, գնումների օրենսդրությունը չի ապահովում մասնավորի ներդրումների հետգնման մեխազնիզմները: Նման գործիքակազմ ապահովող օրենքի նախագիծնի վրա աշխատանքները շարունակվում են, շրջանառության մեջ դրված տարբերակ կա:

Մինչ այդ, Ղարիբյանի խոսքով, գործընթացը կապահովվի մեկ անձից գնման ձևաչափով․ - «Մրցակցային կամ հավասար պայմաններ ապահովելու հիմնական պայմանը հավասար հնարավորության տրամադրումն է բոլոր պոտենցիալ խաղացողներին»:

Փաշինյանը հորդորեց այս հարցում բացառել կոռուպցիոն ռիսկերը և ընդգծեց, որ Պաշտպանության նախարարության վրա դրվում է առաձնահատուկ պատասխանատվություն գործընթացը թափանցիկ ու մրցակցային կազմակերպելու համար․ - «Մենք մեր զինվորի հացի հարցն ենք լուծում, և վայ նրան, ով որ էս պրոցեսում որևէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի»:

Փաշինյանը կոռուպցիոն ռիսկերին անդրադարձավ նաև կառավարության մեկ այլ որոշման նախագծի համատեքստում․ Եվրամիությունը Հայաստանին նախատեսում է Հայաստանին ավելի քան 31 մլն եվրոյի դրամաշնոր տրամադրել: Նման դրամաշնորհների հանրագումարը, ըստ Փաշինյանի, աստղաբաշխական թվեր է կազմում, և քաղաքացին ուղղակի չի կարող դրական արդյունքը չզգալ․ - «Եթե մարդու կյանքում բան չի փոխվում, դա նշանակում է ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան գողանում է: Ուրիշ տարբերակ պարզապես չկա: Չեն կարող ամբողջական ոլորտներ տասնյակ միլիոնավոր դոլարներ մտնել, և ուղղակի ոչ մի բան չփոխվի, ամեն ինչ մնա նույնը և նույնիսկ վատանա: Հետևաբար հաջորդ խնդիրը հետևյալն է, ես նաև մեր կառավարության ներկայացուցիչներին ուզում եմ ասել հետևյալը՝ ոչ մի վայրկյան չպետք է թունալա զգոնությունը կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի վերաբերյալ: Ոչ մի վայրկյան: Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, և էն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն ա: Բայց եթե կա էդ երևույթը, նշանակում ա մենք ոչ պիտի ամիսը մեկ-երկու էդպիսի հարցով ձերբակալություն ունենանք, այլ՝ տասը, քսան և ավել: Ու ինձ չի հետաքրքրում ընդհանրապես՝ էդ մարդը գործո՞ղ պաշտոնյա է, նախկի՞ն պաշտոնյա է, ո՞ր կուսակցության ներկայացուցիչն ա, իմ ընտանիքի անդամ ա, հարևանի ընտանիքի անդամ ա․․․ Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք ա բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը: Հակառակ դեպքում մենք էս գումարները վերցնում ենք, ի՞նչ ենք անում»:

Այս համատեքստում կառավարութունն այսօր որոշեց դատավարներին և բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։

Ըստ վարչապետի, կոռուպցիայի դեմ պայքարին զուգահեռ պետք է ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը նեղացնել․ - «Պատկերավոր ասած, եթե մենք ուզում ենք դատական համակարգ ունենանք, պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որպեսզի մեր դատավորները առնվազն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություններ չունենան»:

Մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուսումնասիրություն է ուղարկել, որտեղ ասվել է, որ Հայաստանի հանքերի շատ մեծ մասը գրանցված է օֆշորային ընկերություններ։

Կառավարության նիստին Փաշինյանը հորդորեց նամակը վերահասցեագրել ՀՀ գլխավոր դատախազությանը․ - «Տպավորություն էր, որ Հայաստանի հանքերի մեծ մասը համենայն դեպս, կառավարվում ա մի կետից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG