Մատչելիության հղումներ

Ռոհանի․ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հասել են գերագույն լարվածության


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ կառավարության նիստում խոսել է միջազգային իրավիճակի մասին և նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները հասել են գերագույն լարվածության:

Իսլամական հանրապետության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, թե «վայրկյան իսկ կասկածի տակ չի առնում իրանական կողմի վերջնական հաղթանակը»:

«Ամերիկան այսօր փորձում է առավելագույն ճնշումը բանեցնել Իրանի վրա, բայց մեր ժողովուրդը մեծ կամք ունի», - ասել է Ռոհանին:

Նրա փոխանցմամբ` Սոչիում տեղի ունեցած ռուս-իրանա-թուրքական եռակողմ գագաթնաժողովը հզոր հարված էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Մերձավոր Արևելքի թեմայով ԱՄՆ-ի նախաձեռնած միջազգային հավաքին: Փետրվարի 13-14-ը Վարշավայում տեղի ունեցած հանդիպումը, Ռոհանիի համոզմամբ, «Ամերիկայի արտաքին քաղաքականության ևս մեկ ձախողումն էր»:

Իրանի ներկայացուցչին Վարշավա չէին հրավիրել, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան մերժել էին հրավերը: Մասնակիցները քննարկել են Սիրիայի իրավիճակը և տարածաշրջանում Իրանի ազդեցությունը սահմանափակելու հնարավորությունը:

Մինչդեռ, փետրվարի 14-ին Սոչիում հանդիպել են Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Էրդողանը:

Իրանի նախագահի համոզմամբ, այդ հանդիպումը, ի տարբերություն վարշավյան միջոցառման, շատ ավելի կառուցողական էր: Երեք նախագահները Սոչիում քննարկել են Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման, Իդլիբում իրավիճակի կայունացման և Սիրիայի սահմանադրական խորհրդի ստեղծման հարցերը:

Երեկ Ռոհանին ասել է, որ այս աստիճանի լարվածություն Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերություններում երբևէ չի եղել: Նրա պնդմամբ՝ ճգնաժամը սրվել է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարվա մայիսին հայտարարել է 2015 թվականի միջուկային պայմանագրից դուրս գալու մասին:

Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու և խստացնելու ԱՄՆ-ի քաղաքականությունը Ռոհանին անվանել է «տնտեսական ահաբեկչություն»:

Վարշավայում կազմակերպված հավաքին մասնակցել են շուրջ վեց տասնյակ պետությունների պատվիրակներ:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը եվրոպացի դաշնակիցներին կոչ է արել հետևել Ամերիկայի օրինակին և դուրս գալ 2015 թվականի միջուկային պայմանագրից, պնդելով, թե «Իրանն է Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության սպառնալիքը»:

Սակայն միջուկային պայմանագիրը ստորագրած եվրոպական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարները Վարշավա չեն մեկնել:

Դա էլ Ռոհանիին ընձեռել է երեկ կառավարոության նիստում այդ հավաքն ամերիկյան քաղաքականության ձախողում անվանելու հնարավորություն:

Վաշինգտոնը միջազգային համայնքին հորդորում է սառեցնել կապերն իսլամական հանրապետության հետ, մինչդեռ, Իրանի անմիջական հարևանները ծայրահեղ քայլերի չեն գնում, ավելին՝ նույնիսկ շարունակում են բնականոն շփումները և բարիդրացիական կապերից չեն հրաժարվում:

Այդ առումով հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Մյունխենում անվտանգության միջազգային խորհրդաժողովի շրջանակում հանդիպել են Իրանի և Հայաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Դրանից ավելի վաղ՝ հունվարի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնում հայերի հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է, որ փետրվարի 27-ին կմեկնի Իրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG