Մատչելիության հղումներ

Մյունխենում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Մյունխենում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտները:

Երկուստեք ընդգծվել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորել են կանոնավոր շփումների և հանդիպումների անցկացումը՝ այս համատեքստում ընդգծելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի վերջին Իրան նախատեսվող այցը, որը լավ առիթ է երկկողմ բազմաոլորտ համագործակցությանն անդրադառնալու և համատեղ քայլերը նախանշելու համար:

Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:

Մնացականյանն Իրանի իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այսօր Մյունխենում հանդիպումներ է ունեցել նաև Ռուսաստանի, Լիխտենշտեյնի, Խորվաթիայի, Մալթայի և Սուդանի արտգործնախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG