Մատչելիության հղումներ

Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել է դպրոցի տնօրենին:

Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ ՊՈԱԿ-ի տնօրենը 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում դպրոցի էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է նաև դպրոցի բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներին և իր մոտ պահել նրա աշխատավարձի բանկային քարտը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն, ըստ Քննչական կոմիտեի, տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ, նպատակ ունենալով յուրացման եղանակով պետությունից խոշոր չափերի գումարներ հափշտակել, 2016 թվականի հունվար ամսից մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, բանկոմատից անձամբ կանխիկացրել է աշխատակցի աշխատավարձի գումարը և առձեռն յուրաքանչյուր ամիս նրան տվել 20.000 դրամ, իսկ մնացած՝ խոշոր չափերով ընդհանուր 1.849.664 դրամ գումարը յուրացրել է:

Բացի այդ, հաղորդագրությունում նշվում է, որ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ խոշոր չափերով գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով տնօրենն աշխատանքային պայմանագրի մեջ, ստորագրված աշխատանքային պայմանագրի ժամկետների վերաբերյալ, մտցրել է կեղծ տեղեկություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ [Խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով] կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի [Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը] հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենը վերականգնել է իր կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG