Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը քննադատում է կառավարման համակարգը բացառապես բանակում ծառայած անձանցով համալրելու առաջարկը


Վրաստան - Վրաց զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ
Վրաստան - Վրաց զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ

Մոտ ապագայում վրաստանցի տղամարդկանց զգալի մասը կարող են զրկվել երկրի պետական համակարգում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից: Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Վրաստանի խորհրդարանը քվեարկի Մամուկա Բախտաձեի կառավարության հեղինակած օրինագծի օգտին, որը պաշտոնական շրջանառության մեջ դրվեց երկուշաբթի օրը:

Կառավարության մշակած այս օրինագծի համաձայն՝ Վրաստանում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք կստանան բացառապես երկրի զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայություն անցած տղամարդիկ:

Կառավարությունը օրենքի նախագծին կից նաև հատուկ պարզաբանում է ուղարկել խորհրդարան, որում մասնավորաբար նշել է, թե օրենսդրական այս նախաձեռնության նպատակը «զորակոչի և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումն է»:

Վրացական ընդդիմության համոզմամբ, սակայն, օրենսդրական այս նախաձեռնությամբ Բախտաձեի կառավարությունը ծանր հարված է հասցնում թե՛ պետական կառավարման համակարգին և թե՛ երկրի զինված ուժերին:

«Մեր իշխանությունները ինձ երբեմն մոլագարների են հիշեցնում, որոնց միակ նպատակը ինչ-որ բան արգելելն է: Ներկայացված նախագիծը շատ վատն է, քանի որ դրա հետևանքով կարող է աճել գործազրկությունը: Այս նախաձեռնության արդյունքում բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ պարզապես դուրս են մնալու պետական համակարգից», - լրագրողների հետ զրույցում նշում էր Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր դեռ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին:

Վրաստանի պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարի խոսքով, ի դեպ, ռազմական ասպարեզում «Վրացական երազանք»-ի որդեգրած քաղաքականությունը չի նպաստում նաև երկրի զինված ուժերի մարտունակության աճին: Խոսքը, նախ և առաջ, վերջին տարիներին նկատվող միտման մասին է` զարկ տալ ժամկետային զինծառայողներից կազմված բանակի ձևավորմանը և նվազագույնի հասցնել տարկետումների քանակը:

«Պաշտպանության նախարարությունը չունի նման ենթակառույցներ, որոնք թույլ կտան այդ գերատեսչությանը ևս 100 հազար նոր մարդու համար [ծառայության] պայմաններ ստեղծել», - նշում է Շաշկինը:

Ուշագրավ է, որ զինված ուժերին անմիջականորեն վերաբերող այս օրինագիծը շրջանառության մեջ է դրել ոչ թե պաշտպանական գերատեսչությունը, այլ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառույցների նախարարությունը: Դմիտրի Շաշկինի համոզմամբ՝ Պաշտպանության նախարարությունը չպետք է օրինագծի շուրջ քննարկումներում դիտորդի դերում հանդես գա և հստակորեն հանրությանը պետք է ներկայացնի իր կարծիքը:

Թբիլիսյան լրատվամիջոցներում նաև կարծիք է հնչում, թե երեկ շրջանառության մեջ դրված այս նախաձեռնությունը վկայում է, որ միմյանց հաջորդող կառավարությունները հստակ պատկերացում չունեն, թե ինչ ուղղությամբ պետք է զարգանան երկրի զինված ուժերը:

Հիշեցնենք, որ «Վարդերի հեղափոխությունից» հետո Միխեիլ Սաակաշվիլիի վարչակազմը արմատապես փոխեց Վրաստանի բանակի համալրման կարգը` հիմնական շեշտը դնելով բանակում պայմանագրային զինծառայողների ներգրավման և արդյունավետ պահեստազորի ստեղծման վրա:

2005 թվականին Վրաստանում ներդրվեց բանակի համալրման պահեստազորային կարգը, որի համաձայն՝ 18-ից մինչև 40 տարեկան բոլոր զինապարտները տարեկան մեկ անգամ մասնակցում էին 18 օր շարունակվող հավաքներին: Երեք նմանատիպ հավաքներից հետո քաղաքացին ազատվում էր ժամկետային զինծառայությունից և կարող էր բանակ զորակոչվել միայն ռազմական գործողությունների դեպքում: 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ, սակայն, այս համակարգը այնքան էլ արդյունավետ չգործեց` հիմնականում պահեստազորայինների պատրաստության ցածր մակարդակի և բանակային ստորաբաժանումների չհամադրված գործողությունների պատճառով:

2012-ի իշխանափոխությունից հետո արդեն «Վրացական երազանք»-ը չեղարկեց պահեստազորային հավաքների պրակտիկան` վերադառնալով պարտադիր ժամկետային զինծառայության գաղափարին:

Պարտադիր ծառայության ժամկետը Վրաստանում այժմ 12 ամիս է կազմում: Տարեկան վրացական բանակ է զորակոչվում առավելագույնը 7 հազար զորակոչիկ: «Նրանց մեծամասնությունը, սակայն, ծառայում է ոչ թե զինված ուժերում, այլ ներքին գործերի և կալանավայրերի նախարարության կազմում գործող ստորաբաժանումներում», - գրում է թբիլիսյան JamNews կայքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG