Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանն ընդունել է Պետդումայի պատվիրակությանը՝ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ


Հայաստանի նորընտիր խորհրդարանը շահագրգռված է առավել խորացնելու և զարգացնելու հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ունեն ավանդական բարեկամության բազմադարյա և հարուստ պատմություն: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ այսօր ընդունելով Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:

Արձանագրելով ռազմավարական փոխգործակցությունն ու վստահության վրա հիմնված հարաբերությունները` օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է նաև միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվ համագործակցության խորացումը:

Կալաշնիկովը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական փոխշահավետ գործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում այսուհետ ևս շարունակական կլինի: Նա կարևորել է Հայաստանի Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծումը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների համանման հանձնաժողովների արդյունավետ փոխգործակցությանն ու օրակարգային խնդիրների քննարկման հարթակ կդառնա, ասված է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG