Մատչելիության հղումներ

Տաջիկստանում ոստիկաններին պարտադրում են գրքեր կարդալ


Տաջիկստանցի բարձրաստիճան ոստիկաններ, արխիվ
Տաջիկստանցի բարձրաստիճան ոստիկաններ, արխիվ

Տաջիկստանի կառավարությունը շարունակում է ոստիկանական համակարգի բարեփոխման ծրագրերի իրականացումը՝ նիհարելուց, ամեն ամիս թատրոն հաճախելուց բացի, այժմ էլ պարտավորեցնելով գիրք կարդալ: Սա Տաջիկստանի ներքին գործերի նախարար Ռամազոն Ռախիմզոդայի վերջին հրամանագրերից մեկն է:

Իր բազմաթիվ արտասովոր կարգադրություններով հայտնի նախարարը հայտարարել է, թե ոստիկանները այսուհետ պետք է գրադարաններ հաճախեն և պարբերաբար հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ գիրք են ընթերցել և ինչ դասեր քաղել: Գրադարանավարները, իրենց հերթին, պարտավոր են գրանցել այցելուներին, նշել, թե ինչ գիրք են նրանք ընտրել և որքան ժամանակ անցկացրել գրադարանում:

Ոստիկաններին հասանելի գրականությունը, սակայն, սահմանափակ է՝ նրանց արգելված է բացառապես մասնագիտական գրքեր կամ թերթեր կարդալ: Միլիցիոների աշխարհայացքի ընդլայնման համար պետք է ուշադրության կենտրոնում պահել գեղարվեստական գրականությունը՝ մասնավորապես երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հեղինակած գրքերը, պարզաբանել է Տաջիկստանի ներքին գործերի նախարարը: Հիշեցնենք՝ Տաջիկստանի անփոփոխ նախագահը բազմաթիվ գրքերի հեղինակ է, 2017 թվականին երկրի կառավարությունը «Ռահմոնյան ընթերցումներ» է նախաձեռնել, որի շրջանակում նախագահի գրչին պատկանող ստեղծագործությունները հեռարձակվում են երկրի պետական և մասնավոր հեռուստա- և ռադիոալիքներով:

Ռահմոնի կամ այլ հեղինակների ստեղծագործություններն ընթերցելու համար ոստիկանը պետք է գրադարան այցելի ոչ աշխատանքային ժամերին, շեշտել է Տաջիկստանի ներքին գործերի նախարարը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե քանի ժամ է սահմանվում ընթերցասրահում անցկացնելու համար:

Փոխարենը, նա շեշտել է՝ յուրաքանչյուր եռամսյակից հետո ոստիկանները թեստ են հանձնելու ընթերցած գրականության վերաբերյալ: «Պաշտոն կամ կոչում ստանալուց առաջ իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է հանձնեն այդ թեստը»,- պարզաբանել է Տաջիկստանի ոստիկանության գնդապետ Նազար Սամիևը:

Բացի ընթերցասրահ հաճախելուց, տաջիկ ոստիկանը պարտադիր պետք է նաև անգլերենի և ռուսերենի ուսուցման դասընթացների հաճախի, ցանկալի է՝ նաև մայրենին կատարելագործի:

Պարտականությունների ցանկը, այդուհանդերձ, սրանով չի սահմանափակվում: Ավելի վաղ հասարակական կարգի պահապաններին կարգադրել են մասնակցել ստեղծագործական աշխատանքների, հաճախել թատրոն, զբաղվել տարբեր մարզաձևերով և նիհարել: Ներքին գործերի նախարարի սահմանած չափանիշների համաձայն՝ 168-170 սանտիմետր հասակ ունեցող ոստիկանը չի կարող ունենալ 75 կիլոգրամից ավելի քաշ, դրանից բարձր կշռողներին սպառնում է աշխատանքից հեռացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG