Մատչելիության հղումներ

«Ռահմոնյան ընթերցումներ»՝ Տաջիկստանի ռադիոալիքներով


Տաջիկստան - Նախագահ Էմոմալի Ռահմոնի գրքերը, արխիվ
Տաջիկստան - Նախագահ Էմոմալի Ռահմոնի գրքերը, արխիվ

Վերջին 25 տարիներին Էմոմալի Ռահմոնը ոչ միայն անընդմեջ երկիր է ղեկավարել, այլ նաև գրքեր է հեղինակել՝ թվով 20 գիրք՝ հիմնականում հայրենակիցների մասին: Սակայն լայն հանրության համար դրանք այնքան էլ հասանելի չէին՝ գրքերը հիմնականում հրատարակվել են քիչ տպաքանակով և վաճառվել բարձր գներով:

Տաջիկստանի պաշտոնյաները, այդուհանդերձ, այդ ստեղծագործությունները բնակչությանը ներկայացնելու ձևը գտել են: Նախագահի գրչին պատկանող գրքերը այսուհետ հասանելի կդառնան անգամ ոչ-գրաճանաչների և զառամյալների համար:

Էմոմալի Ռահմոնի հեղինակած գրքերը, որոնք տասնյակ լեզուներով թարգմանվել ու աշխարհով մեկ են սփռված, «մեծ ժողովրդականություն» են վայելում մասնավորապես տաջիկ պաշտոնյաների և ուսուցիչների շրջանում: Երկրի նույնիսկ ամենահեռավոր գյուղերում դժվար է գտնել մի կրթօջախ կամ պետական կառույց՝ առանց նախագահի ստեղծագործությունների հատորներից ծանրացած գրապահարանի: Տաջիկ «ընթերցասերները», սակայն, դրանով չեն բավարարվել: Անցյալ տարի երկրում նաև Ռահմոնի գրքի հուշարձանը տեղադրվեց: Բացված գրքի տեսք ունեցող հսկայական քանդակը կշռում է մեկ տոննա, ունի 4 մետր բարձրություն և 6 մետր լայնություն:

Այսքանով հանդերձ՝ Տաջիկստանի իշխանությունները կարծում են, որ առաջնորդի գրքերը բավարար ժողովրդականություն չեն վայելում՝ շատերը չգիտեն գրքերի անվանումները, բովանդակությունը: Իսկ չէ որ, ինչպես պնդում են տաջիկստանցի պաշտոնյաները, հենց այդ գրքերն են սերունդներ կրթում:

Այդ իսկ պատճառով, Տաջիկստանի առաջնորդի բոլոր գրքերը մոտ ժամանակներս վերջապես կունենան նաև ձայնային տարբերակ: «Ռահմոնյան ընթերցումները» կհեռարձակվեն ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր ռադիոալիքներով, տեղեկացնում է «Ազատության» տաջիկական ծառայությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

Նախկինում կոլտնտեսության նախագահ 65-ամյա Էմոմալի Ռահմոնը պաշտոնապես հռչակվել է «Տաջիկստանի խաղաղության և ազգային միասնության հիմնադիր»: 1992 թվականին հետխորհրդային ամենաաղքատ այս երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնած Ռահմոնը, ում իշխանությունը աչքի է ընկնում ավտորիտար գործելաոճով, 2015 թվականին արժանացել է «Ազգի առաջնորդի» կոչման և ցմահ ազատվել քրեական պատասխանատվության ենթարկվելուց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG