ՄԱԿ֊ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրած թեկնածուն՝ Հեդեր Նոյերթը, ինքնաբացարկ է հայտարարել, տեղեկացրել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
«Անցած երկու ամիսները շատ ծանր են անդրադարձել իմ ընտանիքի վրա, և ես որոշել եմ, որ իմ ընտանիքի շահերից բխում է, որպեսզի ես հանեմ իմ թեկնածությունը», ֊ ասել է Նոյերթը՝ փետրվարի 16֊ին հրապարակած հաղորդագրությունում։
Հեդեր Նոյերթի առաջադրումը քննադատության ալիք էր բարձրացրել ԱՄՆ֊ում։ Շատերը պնդում էին, որ 49֊ամյա նախկին լրագրողը բավարար որակավորում չունի այդ պաշտոնը զբաղեցնելու համար։ ABC, իսկ այնուհետև Fox News հեռուստաընկերությունների նախկին հաղորդավար Նոյերթը դիվանագիտական աշխատանքի փորձ չունի, թեև 2017֊ի ապրիլից նա զբաղեցրել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնը, իսկ 2018֊ից նաև համատեղության կարգով զբաղեցրել է Հանրային դիվանագիտության և հասարակայնության հետ կապերի փոխպետքարտուղարի պաշտոնը։
Թրամփը նախկին լրագրողի թեկնածությունն առաջադրել էր 2018֊ի հոկտեմբերին ՄԱԿ֊ում ԱՄՆ դեսպանի պաշտոնից հեռացած Նիկի Հեյլիի փոխարեն։