Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի հետ


Այսօր Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջը։

Զոհրաբ Մնացականյանը և Սամեհ Հասան Շուքրին ընդգծել են փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգի առավել հարստացման, քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ:

ԱԳ նախարարներն առանձնահատուկ շեշտել է հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող եգիպտահայ համայնքի կարևորությունը և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:

Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումերը՝ Զոհրաբ Մնացականյանը ասել է, որ կառավարության առաջնահերթություններից է նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Նախարար Մնացականյանը եգիպտացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG