Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան․ ԱՄՆ-ի արձագանքն ավելի շուտ ուղղված էր Ռուսաստանին, ոչ թե Հայաստանին


Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Միացյալ Նահանգների արձագանքը ավելի շուտ ուղղված էր Ռուսաստանին, ոչ թե Հայաստանին, և խիստ ագրեսիվ էր: Նման գնահատական հնչեցրեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Պետդեպարտամենտի հայտարարությանը, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում առաքելության հարցով:

«Հայաստանը պետք է չափազանց զգույշ լինի, որպեսզի չհայտնվի ռուսական ագրեսիայի կամ Սիրիայում կամ այլ վայրում ռուսական ռազմական գործողությունների թակարդում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Կիրակոսյանը:

Վերլուծաբանը նկատում է՝ Միացյալ Նահանգների հայտարարությունը համընկավ Մերձավոր Արևելքի հարցերով Լեհաստանում անցկացվող խոշոր խորհրդաժողովի հետ, որին մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարը, Լեհաստանի արտգործնախարարն ու շուրջ վեց տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Դա արվեց ոչ թե այն ժամանակ, երբ Հայաստանը հայտարարեց մարդասիրական օգնություն ուղարկելու իր որոշման մասին, այլ մարդասիրական առաքելությունը այնտեղ տեղակայելուց հետո: Այլ կերպ ասած՝ սա ավելի շատ ուղղված է ոչ թե Հայաստանին, այլ Ռուսաստանին, նույնիսկ Իրանին: ԱՄՆ-ը այս հայտարարությամբ փորձում է ցույց տալ ագրեսիվ, մկանային կեցվածք, որպեսզի փոխանցի Սիրիայի և Ասադի նկատմամբ իր խիստ դիրքորոշումը: Ահա այդ պատճառով է, որ Հայաստանի նկատմամբ ճնշում չկա պատժամիջոցների առումով», - նշեց Կիրակոսյանը:

Վերլուծաբանը հատկապես կարևորում է, որ այս փուլում Հայաստանի կառավարությունը հստակ ուղերձներ հղի և բացատրի, որ սա առավելապես մարդասիրական օգնություն է, ոչ թե ռազմական առաքելություն:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի օրերս արած հայտարարությունը, որ եթե անհրաժեշտ լիներ նաև ռազմական գործողություններին մասնակցել, դա ևս կարվեր օրենքին համապատասխան, միանշանակ չընդունվեց նաև խորհրդարանական ուժերից կողմից: Երեկ Տոնոյանը պարզաբանեց՝ լրագրողներին տրված իր պատասխանը չի վերաբերել Սիրիային:

«Ազատության» հարցին՝ տեղի ունեցածը կարո՞ղ է վնասել հայ-ամերիկյան հարաբերությունները, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը արձագանքեց․ - «Ցավոք, դա բարդություն է, բայց ես չէի ասի, թե պրոբլեմ է։ Պետդեպարտամենտի հայտարարությունից կարող ենք հասկանալ, որ այն ավելի շատ համապատասխանում է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Սպիտակ տան կարծիքին և ավելի քիչ դիվանագիտական մեսիջներ է պարունակում: Եվ ԱՄՆ Կոնգրեսի խորը աջակցությունը Հայաստանին և նոր կառավարությանը նշանակում է, որ խնդիրն իրականում ավարտվել է, այսինքն՝ մենք չպետք է Միացյալ Նահանգներից ակնկալենք նոր հայտարարություններ կամ նոր պատժամիջոցներ»:

Ըստ վերլուծաբանի՝ իրականում Ռուսաստանը կցանկանար ավելի բարձր մակարդակի հայկական ռազմական մասնակցություն տեսնել Սիրիայում, և հումանիտար առաքելությունը Կիրակոսյանը համարում է արդեն իսկ փոխզիջում:

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքեց Պետդեպարտամենտի հայտարարությանը՝ կրկին շեշտելով, որ հայկական առաքելությունը Սիրիայում մարդասիրական է և առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG