Մատչելիության հղումներ

Կառավարության ծրագրի շուրջ վարչապետին հարցեր ուղղելու համար գրանցվել են հինգ տասնյակից ավելի պատգամավորներ


Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ երկու ժամ տևած ելույթից հետո 53 պատգամավորներ հերթագրվեցին նրան կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ հարցեր հնչեցնելու համար:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բարձրացրեց կառավարության ծրագրում տնտեսական սակավ ցուցանիշներ ներառելու հարցը՝ հետաքրքվելով․ - «Դուք Ձեր ելույթում նշեցիք, որ այս ծրագրում տնտեսական ցուցանիշներ չկան, որովհետև տնտեսական ակտիվությունը կախված է քաղաքացիների վարքագծից, և յուրաքանչյուրը պետք է դառնա տնտեսական ակտիվիստ: Միակ բացատրությունը, թե ինչու ծրագրում չկան առատ տնտեսական ցուցանիշներ, հնչեց դա, և տպավորություն ստեղծվեց, որ այդ տնտեսական ցուցանիշները չգրանցելու դեպքում պատասխանատվություն կարող են կրել տնտեսական ոչ ակտիվ քաղաքացիները»:

Վարչապետի արձագանքը․ - «Դրա համար պատասխանատվությունը կկրի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չի կարողացել քաջալերել տնտեսական ակտիվության»:

«Բարգավաճ Հայաստան»-ից Գևորգ Պետրոսյանը մտահոգիչ է գնահատում ծրագրում որոշակիության պակասը․ - «Դուք մտավախություն չունե՞ք, որ այս ծրագիրը այս վիճակով ընդունվելու դեպքում նույնացվի նախորդ կառավարությունների ծրագրերի հետ, որտեղ նորից գերակայում էին այսպիսի անորոշ դրույթները, ապագային հանձնված բարի ցանկությունները․․․ Եվ որևէ կառավարություն պատասխանատվություն չկրեց իր ձախողման համար»:

Փաշինյանի արձագանքը․ - «Ես Ձեզ հետ համաձայն չեմ, որ Հայաստանի Հանրապետության որևէ կառավարություն պատասխանատվություն չի կրել: Ես կարծում եմ, որ բոլոր կառավարությունները իրենց պատասխանատվությունը կրել են և կրում են և կրելու են»:

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանում տնտեսության ստվերը գնահատում է մոտ 40 տոկոս:
Կառավարության ղեկավարի խոսքով, այս խնդրի լուծումը կնպաստի նաև թոշակների, աշխատավարձների բարձրամանը:

Իսկ ստվերից ազատվելու գործում մեծ դեր ունի ՀԴՄ պահանջող քաղաքացին․ - «Բայց եթե թոշակառուն գնալու ա իր փոքր թոշակով մի կիլո շաքարավազ առնի և թույլ տա, որ իրեն շաքարավազ վաճառած խանութը ՀԴՄ չտա, իր թոշակը չի բարձրանալու: Հազար դրամով թոշակները բարձրացնելու համար պետք ա 6 միլիարդ դրամ: Իսկ էդ 6 միլիարդ դրամը էդ խանութներում և էդ ստվերային օբեկտներում կա: Եկեք իրար հետ գնանք արձանագրենք, հավաքենք և բարձրացնենք»:

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հակասություն է տեսնում կառավարաության ծրագրի բարի ցանկությունների և կառավարության կառուցվածքի մասին փոփոխությունների նախագծի արդյունքում առաջացող օպտիմալացման միջև․ - «Ի՞նչ թվի մասին է խոսքը»:

«Մեր նախնական գնահատականով, առաջին փուլում 150-200 մարդու կարգի կլինի», - պատասխանեց Փաշինյանը:

Իշխանական «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ նկատի ուներ վերջինս, երբ ասում էր որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ներկայացնում ողջ Ադրբեջանի ժողովրդի կարծիքը:

Նախքան այդ, սակայն, պատգամավորը հարկ համարեց ընդգծել, թե որքան է վստահում վարչապետին․ - «Ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խոր արմատներ ունի և այնքան հեռու է գնում, որ եթե անգամ Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի Ձեզ և կողմ էի քվեարկելու»:

Հնչեցին նաև հարցեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ տեղ գտած «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղությանը» ձևակերպմանը․ - «Չի ասվում ժողովրդին նախապատրաստել խաղաղության, ասվում ա՝ ժողովուրդներին: Եթե հիմա, օրինակ, Ադրբեջանի նախագահը, ի պատասխան մեր էն քայլի, որ հայկական կողմը Ղարաբաղի հետ ա ներկայանում բանակցային գործընթացում, ինքն էլ ասում ա՝ ես Ղարաբաղի ադրբեջանական համայնքին եմ բերում բանակցությունների, մենք ասում ենք՝ մի րոպե, փաստորեն դրանով Դուք ասում եք, որ ձեր երկրում կան քաղաքացիներ, խոսքը նախկինում Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների մասին է, որոնց ներկայացնելու լիազորություն և մանդատ Դուք չունեք: Որովհետև եթե մանդատը, ինչի՞ եք Ձեզ հետ բերում․․․»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը դժգոհեց, թե վարչապետի հետ հանդիպում կազմակերպելը ավելի հեշտ է, քան նրա ենթականների:

Վարչապետը պատասխանեց․ - «Թափանցիկության տրամաբանությունից բխում է նաև, որ առանձնապես մենք իրար հետ թաքուն սենյակում խոսալու բաներ չունենանք: Զարմանալի բաներ են մեր երկրում տեղի ունենում: Մի կողմից ասում են՝ սուպերվարչապետական համակարգը պետք ա ջարդել և այլն և այլն, և երկրորդը ասում են՝ վարչապետը ինչի՞ ա գալիս խորհրդարան, խորհրդարանական խմբակցության հետ հանդիպում․․․ Որովհետև իրանք սովոր են, որ Բաղրամյան 26-ից նախագահի օգնականի տեղակալի վարորդի քարտուղարուհին, որին պրեմիա են տալիս, զանգում ա, ասում ա՝ մի հատ արագ հավաքվեք, ու խորհրդարանը արագ վազում ա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG