Մատչելիության հղումներ

Ամերիկյան կառավարությունը վերստին կանգնած է «շաթդաունի» վտանգի առաջ


Ցանկապատը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, որը Դոնալդ Թրամփը առաջարկում է փոխարինել պատով, արխիվ
Ցանկապատը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, որը Դոնալդ Թրամփը առաջարկում է փոխարինել պատով, արխիվ

Միացյալ Նահանգներում այս տարվա բյուջեի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, և կառավարությունը կրկին կանգնած է մասնակի սառեցման վտանգի առաջ: Փաստացի, նախագահ Դոնալդ Թրամփը ֆինանսավորումը վերականգնել էր մինչև փետրվարի 15-ը՝ առաջիկա ուրբաթ, և ակնկալվում էր, որ կողմերը այս օրերին արդեն պետք է համաձայնության եկած լինեին, որպեսզի Կոնգրեսը հասցներ վերջնաժամկետից առաջ ընդունել բյուջեի նախագիծը: Համաձայնություն, սակայն, դեռ չկա:

Հիմնական խնդիրը շարունակում է մնալ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու Թրամփի ծրագիրը, որի համար նախագահը պահանջում է ավելի քան 5 միլիարդ դոլար հատկացնել: Արդեն իսկ լրջագույն այս տարաձայնությանը երեկ ավելացավ ևս մեկը. պարզվեց՝ դեմոկրատները պահանջում են միգրացիոն ծառայությունների ջանքերը կենտրոնացնել միայն այն ներգաղթյալների վրա, որոնք քրեական անցյալ ունեն՝ հանգիստ թողնելով նրանց, որ վտանգավոր չեն, կարող են նպաստել երկրի զարգացմանը, թեև չունեն օրինական բնակության իրավունք:

«Մենք դեռ այս հարցում համաձայնության չենք հասել», - երեկ Fox News-ի եթերում հայտարարեց դեմոկրատական ճամբարից գլխավոր բանագնաց Ջոն Թեստերը: - «Կարծում եմ՝ բոլորի ուզածը մեկ բան է, որ մեր հարավային սահմանն անվտանգ լինի, դրան հասնելու բազմաթիվ ճանապարհներ կան՝ լինի ձերբակալություն, տեխնոլոգիաներ, թե պատնեշ: Մենք պետք է առանձնացնենք՝ որ ուղղությունն է առավել կարևոր և որի վրա պետք է ավելի շատ գումար ծախսվի: Կարծում եմ՝ ի վերջո կգտնենք մի տարբերակ, որը կհաստատվի Կոնգրեսում ու կստորագրվի նախագահի կողմից»:

Հանրապետականների կանխատեսումները, մինչդեռ, առավել մռայլ են՝ «շաթդաունի» ուրվականը կրկին սավառնում է օդում, նույն հաղորդմանը հայտարարեց այս ճամբարի գլխավոր բանագնաց Ռիչարդ Շելբին: «Բանակցություններն այս պահին սառեցված են: Հուսով եմ, որ կկարողանանք այս վիճակից դուրս գալ այսօր ավելի ուշ, կամ՝ վաղն առավոտյան, քանի որ ժամանակը շատ սուղ է, սակայն հիմա խնդիր ունենք դեմոկրատների հետ, որոնք ուզում են կալանավայրերում ապօրինի ներգաղթյալների ձերբակալության համար որոշակի թիվ՝ վերին շեմ սահմանել, մենք դեմ ենք դրան», - ասաց Շելբին:

Է՛լ ավելի կոշտ էր նախագահ Թրամփի արձագանքը, որը դեռ նախընտրական շրջանից է խոստացել խստացնել պայքարը ապօրինի ներգաղթի դեմ: Դեմոկրատների առաջարկը որակելով անտրամաբանական՝ Սպիտակ տան ղեկավարը Թվիթերում գրել է․ - «Նրանք ոչ միայն չեն ուզում գումար հատկացնել պատի կառուցման համար, որի անհրաժեշտությունն ակնհայտ է, այլև չեն ուզում անգամ մարդասպաններին բանտարկել»:

Եթե առաջիկա ժամերին էլ կողմերին չհաջողվի համաձայնության հասնել, 800 հազար ամերիկացիներ կրկին կկանգնեն աշխատավարձ չստանալու վտանգի առջև: Վերջնաժամկետից օրեր առաջ հանրապետական ճամբարում կրկին պնդում են՝ Սպիտակ տան ղեկավարը կարող է արտակարգ դրություն հայտարարել, ինչը թույլ կտա պատի կառուցման համար անհրաժեշտ գումարը վերցնել պահուստային ֆոնդից:

«Նախագահ Թրամփը ամենայն հավանականությամբ կօգտվի իր լիազորություններից, եթե բանակցությունները տապալվեն», - երեկ հայտարարում էր հանրապետական կոնգրեսական Մարկ Մեդոուզը՝ փաստելով, որ առաջընթացի համար կողմերին հաշվված ժամեր են մնացել․ - «Ակնկալում եմ, որ նախագահը որոշակի գործադիր քայլեր կանի, ինչի տարբերակներից մեկն էլ արտակարգ դրությունն է: Նա իր զինանոցում այլ միջոցներ էլ ունի, որ կարող է օգտագործել, և կարծում եմ՝ այդպես էլ կանի, եթե մենք փոխզիջման չհասնենք: Իսկ մենք դրա համար մոտավորապես 24 ժամ ունենք»:

Մինչ երկու կուսակցությունների 17-հոգանոց խումբը փորձում է վերջին ժամերն օգտագործել համաձայնության հասնելու համար, նախագահ Թրամփը բազմահազարանոց հանրահավաքի է պատրաստվում, որն առաջինն է անցած տարվա նոյեմբերին կայացած միջանկյալ ընտրություններից հետո և 2020-ին անցկացվելիք նախագահական ընտրություններից առաջ: Հանդիպման վայրը պատահական չէ՝ Տեքսասի նահանգ, հենց Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Էլ Պասո քաղաք, որտեղ, ԱՄՆ նախագահի խոսքով, պատնեշները ցույց են տվել իրենց արդյունավետությունը, և քաղաքը, որ ժամանակին հանցագործությունների թվով առաջատարներից մեկն էր Միացյալ Նահանգներում, այսօր դարձել է անվտանգներից մեկը: Հիմա, նույն օրինակի վրա հիմնվելով, ըստ Թրամփի նախընտրական շտաբի, Սպիտակ տան ղեկավարը ապատրաստվում է այսօր ևս մեկ անգամ պարզաբանել՝ ինչու է ուզում պատը երկարաձգել 1900 մղոն ձգվող սահմանով մեկ և ինչ օգուտներ է ակնկալում ստանալ վիճահարույց այդ ծրագրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG