Մատչելիության հղումներ

61-րդ «Գրեմմի»-ի հաղթողները հիմնականում կանայք են, գլխավոր հերոսը՝ Չայլդիշ Գամբինոն


ԱՄՆ - Լեդի Գագան «Գրեմմի» մրցանակներով, Լոս Անջելես, 10-ը փետրվարի, 2019թ․
ԱՄՆ - Լեդի Գագան «Գրեմմի» մրցանակներով, Լոս Անջելես, 10-ը փետրվարի, 2019թ․

Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Գրեմմի»-ի 61-րդ մրցանակաբաշխությունը: Աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական այս միջոցառման հաղթողները, ի տարբերություն անցյալ տարվա, հիմնականում կանայք են:

Մրցանակաբաշխության գլխավոր հերոսը, սակայն, Չայլդիշ Գամբինոն է, ով արժանացավ միանգամից մի քանի մրցանակի: Նրա «Սա Ամերիկան է» ստեղծագործությունը՝ ոստիկանության դաժանության և ռասիզմի մասին, տարվա լավագույն երգն է: Անցյալ տարվա թերևս ամենադիտված, ամենաքննարկված և ամենաաղմկահարույց այս տեսահոլովակում Գամբինոն պարում է ինչպես Մայքլ Ջեքսոնը, «սպանում» մարդկանց կրոնական ծայրահեղականի պես և խոսում Միացյալ Նահանգներում սևամորթների խնդիրների՝ շարունակվող բռնությունների մասին:

«Տարվա լավագույն նորահայտ երգչուհին» ծագումով Կոսովոյից բրիտանուհի Դուա Լիպան է: 23-ամյա երգչուհին «Գրեմմի»-ն ստանալիս հայտարարեց. - «Այս տարի մենք իսկապես քրտնաջան աշխատեցինք»: Նորահայտ երգչուհու այս խոսքերը պատահական չէին: Անցյալ տարի «Գրեմմի»-ն ընդամենը մեկ կին դափնեկիր ուներ՝ կանադուհի Ալեսիա Կարան միակ կին կատարողն էր, ով արժանացել էր գլխավոր մրցանակի: Հարցին, թե ինչո՞ւ կանայք անուշադրության են մատնվել, և մրցանակների են արժանացել մեծ թվով տղամարդիկ, Ձայնագրության ակադեմիայի նախագահ Նիլ Փորթնովը պատասխանել էր, թե «կանայք պետք է քրտնաջան աշխատեն»: Փորթնովի այս հայտարարությունը աննախադեպ սկանդալի տեղիք տվեց, կին արվեստագետները սա գնահատեցին որպես սեռական խտրականության դրսևորում: Կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին, երբ աղմկահարույց հայտարարության հեղինակը հրապարակավ ներողություն խնդրեց:

Ամերիկյան փոփ երգչուհի Լեդի Գագան արժանացավ մի քանի մրցանակի՝ «Լավագույն փոփ կատարում», «Լավագույն երգը վիզուալ լրատվամիջոցների համար»:

Քանթրի ժանրի երգչուհի Քեյսի Մասգրեյվսը նույնպես միջոցառման առաջատարներից էր՝ նա ստացավ միանգամից չորս ոսկե «Գրեմմի»` այդ թվում տարվա լավագույն ալբոմի համար:

Միջոցառման գլխավոր անակնկալներից էր ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի հայտնությունը բեմում և հուզիչ ելույթը իր կյանքում երաժշտության դերի մասին: Աննախադեպ բուռն ծափողջյունների ուղեկցությամբ Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի կինը պատմեց երաժշտության համախմբող հատկության մասին․ - «Երաժշտությունը միշտ օգնել է ինձ պատմել իմ մասին, և ես գիտեմ, որ դա այդպես է բոլորի մոտ: Երաժշտությունը օգնում է մեզ բացահայտել մեր արժանապատվությունը, կիսվել մեր տխրությամբ, հույսերով և ուրախություններով, այն թույլ է տալիս մեզ լսել, ընդունել միմյանց: Երաժշտությունը ցույց է տալիս այն ամենը, ինչը իմաստ ունի»:

Երեկ ուշ երեկոյան Լոս Անջելեսի ամենաշքեղ դահլիճներից մեկում տեղի ունեցած «Գրեմմի» տարեկան մրցանակաբաշխության ամենահուզիչ պահերից էր նաև Քրիս Քորնելի հետմահու պարգևատրումը: Անցյալ տարի ինքնասպան եղած ռոք երաժիշտը, ով ձայնագրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի նույնանուն երգը, որն անմիջապես դարձել է հիթ, հետմահու արժանացավ «Լավագույն ռոք կատարում» մրցանակին:

61-րդ «Գրեմմի»-ին, ի դեպ, երեկ մասնակցում էր նաև Հայաստանի օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, ով առաջադրվել էր «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում։ Վերդիի «Ռիգոլետո» ստեղծագործությունը կատարել է ռուսաստանցի հայտնի բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին, ով մահացել է 2017 թվականի նոյեմբերին: Այս անվանակարգում, սակայն, մրցանակի արժանացավ Մեյսոն Բեյթսի «Սթիվ Ջոբսի (Ռ)էվոլյուցիան» օպերան՝ Մայքլ Քրիսթի խմբավարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG