Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան դեպքը թաքցրել են վիճակագրությունը պակաս ցույց տալու նպատակով․ իրավապաշտպան


Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրությունից թաքցրել է, որ բանակում մահվան դեպքերը պակաս քանակով ցույց տա, համոզված է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Ինչո՞ւ են թաքցրել, կարծում եմ՝ մահվան դեպքերը նվազ ցույց տալու նպատակով։ Այս նախարարի օրոք՝ Դավիթ Տոնոյանի օրոք, ակնհայտ է ոչ թափանցիկ աշխատելու այդ միտումները, դրանք շատ են», - «Ազատության» հետ զրույցում նշեց Ալեքսանյանը։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը միայն մամուլի հրապարակումներից հետո հաստատեց տեղեկությունը: Միաժամանակ, նա պնդում է, որ հանրությանը ավելի քան մեկ ամիս մահվան դեպքի մասին չհայտնելը դեռ չի նշանակում, թե կոծկել են:

«Չհայտնելը դեռ կոծկել չի նշանակում, եթե կոծկելու միտում ունենայինք, միգուցե լուրը ընդհանրապես չէր հայտնվի, կամ որ հայտնվեր, չէինք խոստովանի, կամ, չգիտեմ, ինչ-որ մի նման բան», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակը։

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ է տարակուսած Պաշտպանության նախարարության գործելաոճից: «Ազատության» հետ զրույցում նա ասաց՝ մամուլում դեպքի մասին կարդալուց հետո կապ է հաստատել նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ և կոշտ պատասխան է ստացել:

«Ես էսպես ցավոտ չէի արձագանքի, եթե չլիներ երեկ երեկոյան Պաշտպանության նախարարության մեր բարձրաստիճան պաշտոնյա գործընկերոջ կոշտ արձագանքը։ Թույլ տվեք չնշեմ այն պաշտոնյայի անունը, որն արձագանքեց այդքան կոշտ, բայց դա ինձ համար անընդունելի է։ Ինձ պատասխանեցին, որ Պաշտպանության նախարարության բարի կամքի դրսևորման արդյունքում է միայն հայտնվում զոհվածների մասին կամ չի հայտնվում, դա ինձ համար անընդունելի է, և եթե օրենքում կա բաց, որը թույլ է տալիս Պաշտպանության նախարարությանը, որ չհայտնի զոհվածների մասին, այդ բացը անպայման լրացվելու է», - ընդգծեց Քրիստինե Պողոսյանը։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստանում է՝ օրենդիր մարմնում հարցը քննարկման առարկա կդառնա և կփորձեն հասկանալ հանրությունից թաքցնելու պատճառները։

Մինչ պատգամավորները կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգում է, որ սեփական փորձով է համոզվել՝ հեղափոխությունից հետո էլ ոլորտում պահպանվում են նախկին բարքերը:

«Բայց չէ՞ որ մենք ուրիշ մոտեցմամբ ենք նայում էս ամեն ինչին, և մենք հիմա տեսնում ենք՝ բանակում ոչինչ չի փոխվել, միայն նախարարն է փոխվել։ Այդ զինծառայողի նկատմամբ վերաբերմունքի իսպառ բացակայություն է, նրա ընտանիքի նկատմամբ վերաբերմունքի իսպառ բացակայություն է», - նշեց իրավապաշտպանը։

«Մենք ոչ մի դեպք չենք թաքցնում։ Դա թող բոլորը իրենց մտքից հանեն, ովքեր ուզում են էդպիսի բան գտնեն մեր գործառույթների մեջ։ Ինչ-որ մեկը շատ է շահագրգռված, որ մեր մեջ տեսնի թաքցնող, ես իրենց շտապում եմ հիասթափեցնեմ՝ նման բան չի լինելու», - ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։

էդգար Գրիգորյանը 30 տարեկան էր, երեք երեխայի հայր, ապրում էր Մեղրիում: Ըստ Քննչական կոմիտեի՝ մարտական դիրքի պահպանության տեղամասում հրազենից վիրավորվելուց հետո հունվարի 1-ին վաղ առավոտյան նրան տեղափոխել են Մեղրիի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Ինքնասպանություն հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Զինծառայողի մահվան պատճառների վերաբերյալ տարբեր վարկածներ կան, քրեական գործով մեղադրյալ չկա, հայտնում են Քննչական կոմիտեից:

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը տեղեկություն տարածեց զինծառայողի մահվան նոր դեպքի մասին: Ըստ նախարարության՝ Հայաստանի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը՝ ծնված 1985-ին: Հանգամանքները պարզվում են: Պաշտոնական տվյալներով՝ սա 2019-ին արձանագրված երկրորդ դեպքն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG