Մատչելիության հղումներ

Օպերային կից տարածքում արդեն այս տարի կկառուցվի նոր պուրակ․ Երևանի քաղաքապետարան


Օպերային կից տարածքում արդեն այս տարի սրճարանների փոխարեն կկառուցվի նոր պուրակ, կվերստեղծվի շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, թանկարժեք ծառատեսակներով, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը: Հաղորդագրության համաձայն, այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ծրագրի իրականացման համար հայտարարել բաց մրցույթ՝ գործընթացին մասնակից դարձնելով նաև բնակիչներին:

Քաղաքապետարանը հայտնում է նաև, որ մայրաքաղաքում աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ է շուրջ 8 հազար աղբաման, մինչդեռ դիտարկումների համաձայն՝ այսօր Երևանում շուրջ 5 հազար աղբաման կա: Խորհրդակցության ժամանակ Մարությանը «Սանիթեք» ընկերությանը հորդորել է հետևողական աշխատանքներ տանել աղբամանների անհրաժեշտ քանակի ապահովման ուղղությամբ:

Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է գույքագրել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները: Առաջարկվել է համատիրության և բնակիչների հետ համատեղ դռների վրա ապահովել կոդերով փականների տեղադրումը:«Սա բնակիչների ընդհանուր գույքն է, և պետք է քաղաքապետարանը բացատրական աշխատանքներ տանի, որ աստիճանաբար այդ փականները քաղաքացիները համատիրությունների հետ համատեղ տեղադրեն», - նշել է քաղաքապետը:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին կհայտարարվի համաքաղաքային շաբաթօրյակ: Հանձնարարվել է աշխատանքներ տանել գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ, ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG