Մատչելիության հղումներ

Օպերայի շրջակայքի կանաչապատման ենթակա գոտում գործող սրճարանատերերը մեկ ամիս առաջ են ստացել ծանուցագրերը


Կանաչապատման ենթակա գոտում գործում են «Շոկոլադնիցա», «Ջազվե», «Մոնթալ» ու «Ռիչ» սրճարանները:

«Աշխարհի մի շարք երկրներում, օպերայի շենքերի հարակից տարածքներում նույնպես սրճարաններ կան», -ասում է օպերայի տարածքում գործող «Շոկոլադնիցա» սրճարանի մենեջերը՝ դիմելով հակառակը պնդող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և օրինակ բերելով Սիդնեյի, Միլանի, Ֆրանկֆուրտի օպերային թատրոնները:

Քաղաքապետարանն օրերս հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքին պատկանող հողամասերը վարձակալած սրճարանների սեփականատերերին դրանք վերադարձնել քաղաքին, որպեսզի տարածքը կանաչապատվի:

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի խոսքով, արդեն 30 օր է, ինչ տվյալ տարածքի սրճարանների սեփականատերերը ստացել են տարածքն ազատելու մասին քաղաքապետարանի ծանուցագրերը:

«Սպենդիարյանի արձանի ձախ անկյունից սկսած, մինչև Թումանյանի արձանի աջ հատվածը, այդ ամբողջ կիսալուսնաձև տարածքը՝ հրապարակին անմիջապես հարող հատվածից մինչև առաջին արահետը, մաքրվելու է և ստեղծվելու է կանաչ հատված: Էդտեղ լինելու է ուղղակի սիզամարգ, թփեր, ծառեր», - հավելեց Կարապետյանը:

Կանաչապատման ենթակա գոտում գործում են «Շոկոլադնիցա», «Ջազվե», «Մոնթալ» ու «Ռիչ» սրճարանները: Ի դեպ, նշվածներից գրեթե բոլորը երկրորդային գծում պահպանելու են իրենց տարածքները՝ ազատելու են միայն առաջնագծում ունեցածը:

Բացի «Մոնթալ» սրճարանից, որն այս տարածում գործում է 1987 թվականից: Իսկ ամռանը, տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, սրճարանում 30 մարդ է աշխատում․ - «Մեզ մնում է 26 քառակուսի մետր տարածք: Իմ սրճարանի 90 տոկոսը վերցնում են: Ես երբեք կանաչ գոտու վրա տարածք չեմ հիմնել․․․ Մենք չենք ընդդիմանում մեր ընտրած քաղաքային իշխանություններին: Մենք խնդրում ենք՝ աջակցեք մեզ»:

Ազատության հրապարակին հարող հատվածում գործող «Ռիչ» սրճարանի միայն այգու հատվածն է փակվում, երկրորդ գծում գործող սրճարանը շարունակելու է աշխատել: Այս ծրագրից առհասարակ դուրս է մնացել նաև օպերայի հարակից տարածքում գործող «Սանտրոպե» սրճարանը: Այս երկու սրճարանները, ըստ մամուլում տարածված լուրերի, պատկանում են գործարար Սամվել Ալեքսանյանի մերձավորներին:

Տարածքն ազատելու է նաև «Ջազվե» սրճարանը, որը, ըստ մամուլի, պատկանում է Միքայել Մինասյանի մտերիմ ընկեր, «Քոմեդի քլաբի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանին:

«Մեղեդի», «Շոկոլադնիցա» և «Մագնոլիա» սրճարանները մեկ տնօրեն ունի, սեփականատերն էլ, ըստ մամուլի, դաշնակցական է: «Մեղեդին» առհասարակ չի փակվելու, իսկ «Շոկոլադնիցայի» մի հատվածի տարածքն է քաղաքին վերադարձվելու:

Ազատության հրապարակում մեզ հանդիպած անցորդների կարծիքները տարբեր էին. կանաչապատ տարածք տեսնել ցանկացողները պնդում էին, որ եթե քանդվում են, ապա՝ բոլորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG