Ռուսաստանը պետք է պատասխան տա Ղրիմի անեքսիայի, ԱՄՆ նախագահի ընտրություններին միջամտելու և Սոլսբերիում քիմիական հարձակման համար: Այսպիսի հայտարարություն է անելու այսօր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը, նրա ելույթից հատվածներ են հրապարակել Reuters լրատվական գործակալությունն ու The Times պարբերականը:
Լրագրողները գրում են, որ Ուիլյամսոնն իր աջակցությունն է հայտնելու ռազմական բյուջեն ավելացնելու՝ ՆԱՏՕ-ի երկրներին ԱՄՆ նախագահի ուղղած կոչին։ Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարելու է, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ցույց տան, որ ի վիճակի են դիմել կոշտ ուժի՝ սեփական շահերը պաշտպանելու համար:
Այսօր խաղաղության և պատերազմի միջև սահմանները հստակ չեն, Ուիլյամսոնի խոսքից մեջբերում են անում լրագրողները: Ըստ նախարարի, Լոնդոնը պետք է ուժեղացնի իր ներկայությունը միջազգային ասպարեզում Եվրամիությունից դուրս գալուց հետո՝ հզորացնելով իր սպառազինությունն ու կշիռը աշխարհում։
Բացի Ռուսաստանից՝ որպես սպառնալիք է նշված Չինաստանը, և Լոնդոնը պատրաստվում է Խաղաղ օվկիանոս ուղարկել Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի առաջատար Queen Elizabeth նավը։
Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Շերինը այսօր հայտարարել է, թե, իհարկե, Մեծ Բրիտանիան այսօր Ռուսաստանի դաշնակիցը չէ, նկատելով, որ Ուիլյամսոնի ճառը, ամեն դեպքում, հասցեագրված է ներքին լսարանին՝ «Բրեքզիթ»-ի հնարավոր հետևանքներից մտահոգվածներին հանգստացնելու համար:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները վատթարացել են հատկապես Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ անցած տարվա մարտին բրիտանական այդ քաղաքում թունավորվել էին ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դստեր Յուլիան։ Բրիտանիայի իշխանությունները հայտնել են, որ նրանց թունավորել են «Նովիչոկ» տիպի նյարդապարալիտիկ նյութով, և մեղադրել են Ռուսաստանի հատուկ ծառայություններին։ Մոսկվան, բնականաբար, մեղադրանքը հերքել է։