Մատչելիության հղումներ

Bellingcat․ Սկրիպալների թունավորման երրորդ մասնակիցը 2015-ին մահափորձ է իրականացրել նաև Բուլղարիայում


Մեծ Բրիտանիա - Ոստիկաններն արգելափակել են տարածքը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերվել են հայր և դուստր Սկրիպալները, Սոլսբերի, մարտ, 2018թ․

Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր` անցած տարի բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման երրորդ մասնակիցը նախկինում ներգրավված է եղել Եվրամիության տարածքում իրականացված ևս մեկ թունավորման փորձում: Այս մասին են գրում լրագրողական հետաքննություններով զբաղվող՝ Լոնդոնում գործող Bellingcat կայքը և դրա ռուսաստանյան գործընկեր լրատվամիջոցը` Insider-ը:

Այն, որ Սկրիպալների դեմ մահափորձում երրորդ անձ էր ներգրավված, առաջինը, նախորդ տարվա հոկտեմբերին, գրեց Սանկտ Պետերբուրգում գործող Fontanka կայքը:

Այսօր արդեն հետաքքնող լրագրողները բացահայտում են այդ մարդու ինքնությունը և նրա նախկին գործունեության որոշ մանրամասները:

Bellingcat-ի լրագրողների պնդմամբ՝ խոսքը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) 45-ամյա բարձրաստիճան մի սպայի մասին է, որը 2010 թվականին անձնագիր է ստացել Սերգեյ Ֆեդոտովի անունով: Դրան հաջորդած տարիներին, Ֆեդոտով անվան տակ հանդես եկող սպան այդ անձնագրով ակտիվորեն ճանապարհորդել է Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի մի շարք պետություններում:

«2018 թվականի մարտին` Սկրիպալների թունավորման օրերին, Ֆեդոտովը ևս Մեծ Բրիտանիայում էր», - պնդում են հետաքննության հեղինակները` նշելով, թե իրենց հաջողվել է պարզել, որ Սոլսբերիի մահափորձը նմանատիպ միակ դրվագը չէ Սերգեյ Ֆեդոտովի կենսագրությունում:

Bellingcat-ի և Insider-ի տեղեկություններով՝ ռուսաստանցի այդ սպան 2015 թվականի գարնանը մասնակցել է Բուլղարիայի տարածքում իրականացված թունավորման փորձին, որի թիրախում է հայտնվել զինագործական EMKO ընկերության սեփականատեր Էմիլիան Գեբրևը:

«2015 թվականի ապրիլի 24-ին Ֆեդոտովը Մոսկվայից ժամանել է բուլղարական Բուրգաս քաղաք, իսկ ապրիլի 28-ին արդեն Գեբրևը, նրա որդին և EMKO ընկերության ղեկավարներից մեկը ծանր թունավորման ախտանիշերով տեղափոխվել են մայրաքաղաք Սոֆիայի բժշկական կենտրոններից մեկը», - պարզել են հետաքննության հեղինակները:

Թունավորման զոհերից վերցված կենսաբանական նմուշների հետազոտությունը, ըստ Bellingcat-ի, անցկացվել է Հելսինկիի համալսարանի լաբորատորիաներից մեկում՝ հավաստելով, որ բուլղարացի գործարարի դեմ երկու տիպի թունավոր նյութեր են կիրառվել:

Insider-ի տեղեկություններով՝ այդ թույներից մեկը պատկանում էր «Նովիչոկ» տիպի թունավոր նյութերի դասին:

Նշենք, որ այս թունավորման հետևանքով որևէ մեկը չի մահացել, սակայն Էմիլիան Գեբրևը մոտ մեկ ամիս գտնվում էր կոմայի մեջ:

«2015-ի մայիսին նրա առողջական վիճակը բարելավվում է, նա դուրս է գրվում հիվանդանոցից և որոշ ժամանակ անց կրկին հոսպիտալացվում», - գրում է Belingcat-ը՝ հատուկ ընդգծելով, որ Գեբրևի առողջական վիճակի կրկնակի վատթարացումը համընկել է ГРУ-ի սպա Սերգեյ Ֆեդոտովի Բուլղարիա կատարած երկրորդ այցելության հետ:

Bellingcat-ի հետ զրույցում Էմիլիան Գեբրևը նշել է, որ չի պատկերացնում, թե ինչը կարող էր օտար պետության հետախուզական ծառայությանը նման քայլերի դրդել:

Գործարարի խոսքով՝ ГРУ-ի կողմից իր դեմ իրականացված հատուկ օպերացիան երկու հնարավոր պատճառ կարող էր ունենալ: Առաջինն այն է, որ Գեբրևի ղեկավարած ընկերությունը բավական սերտ կապեր ուներ Ուկրաինայի իշխանությունների հետ և թունավորմանը նախորդող շրջանում պաշտպանական բնույթի սարքավորումներ էր մատակարարել Կիև:

«Չեմ բացառում նաև, որ Ռուսաստանը ցանկանում է վերահսկողություն սահմանել սպառազինություն արտադրող իմ գործարանի նկատմամբ, որը ռազմավարական կարևորություն ունի Բուլղարիայի և ՆԱՏՕ-ի համար», - նշել է գործարարը:

Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային անգիտակից վիճակում հայտնաբերել էին անցած տարվա մարտի 4-ին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG