«Մեր ուժը ոչ թե բնական պաշարներն են, այլ մարդկային ռեսուրսները», - ավստրիական Society ամսագրին տված հարցազրույցում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։
Սարգսյանը նշել է՝ Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ:
«Օրինակ, Ռուսաստանում բնակվում են նույնքան հայեր, որքան հենց Հայաստանում: 21-րդ դարում դա առավելություն է, քանի որ մոլորակն ավելի է փոքրանում, իսկ կյանքը դառնում է ավելի արագ: Աշխարհում խոշորագույն ընկերություններն այլևս նավթային կամ գազային ընկերությունները չեն, այլ տեղեկատվական տեխնոլոգիական ընկերություններն են, ինչպես, օրինակ, Apple-ը և Google-ը», - ասել է Հայաստանի նախագահը։
Ըստ Արմեն Սարգսյանի, Հայաստանը հնարավորություն ունի լինել, այսպես կոչված, վիրտուալ մետաքսի ճանապարհի՝ տեխնոլոգիաների ու հաղորդակցության առևտրային ուղու մի մասը:
«Այս մետաքսի ճանապարհն արդեն գոյություն ունի՝ որպես համաշխարհային ցանց այն մարդկանց, ովքեր միացած են իրար վիրտուալ կերպով, և սա է այն դաշտը, որտեղ կարող ես տարածել քո ազդեցությունն այսօր: Սա կարող է լինել Հայաստանի դարը, եթե մենք օգտագործենք տարբեր հասարակություններում հաջողությամբ ինտեգրված, բարձր կրթական մակարդակ ունեցող և գլոբալ ազգ լինելու մեր առավելությունը: Ի հավելումն՝ նշեմ, որ մենք մեր տարածաշրջանի միակ երկիրն ենք, որն ամուր կապեր ունի թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական տնտեսական միության հետ», - նշել է նախագահը՝ շարունակելով. - «Խորհրդարանական հանրապետությունում նախագահը երկրի գործադիր ղեկավարը չէ, սակայն նա գործում է իբրև երկրի գլուխ՝ ազգի համար ցույց տալով ուղին, տեսլականը կամ ռազմավարությունը: Այս աշխարհի միտումների հետ ներդաշնակորեն կարող է աշխատել միայն այն գաղափարը, որը հստակ ծրագիր ունի: Նախագահը պետք է հասկանա ուժեղ և թույլ կողմերն ու գտնի աշխարհում իր երկրի տեղը: Աշխարհը դառնում է ավելի փոքր ու փոխկապակցված, ուստի Հայաստանի ազգային շահերը գտնվում են դրա սահմաններից դուրս»:
Լրագրողի հարցին, թե ովքե՞ր են աշխարհում Հայաստանի հիմնական գործընկերները, Արմեն Սարգսյանը պատասխանել է. - «Պատմականորեն մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Նախկինում, Հայաստանի մի հատվածը մաս է կազմել Ռուսական կայսրության, և դժվարին ժամանակներում մենք ստացել ենք Ռուսաստանի աջակցությունը: Մենք նաև շատ լավ կապեր ունենք մեր հարևանների՝ Իրանի ու Վրաստանի հետ: Սերտ հարաբերությունների մեջ ենք Եվրոպայի հետ: Պատմականորեն Հայաստանը եղել է խաչմերուկ Արևելքի ու Արևմուտքի միջև: Ընդհանրապես, Հայաստանը պետք է շարունակի խորը և բարիդրացիական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, խորացնել կապերը Եվրամիության ու Չինաստանի, ինչպես նաև շատ լավ հարաբերություններ պահպանել Միացյալ Նահանգների ու մյուս երկրների հետ»:
Նախագահի գրասենյակի փոխանցմամբ, Սարգսյանն ընդգծել է՝ Հայաստանն ունի տարածաշրջանում լավագույն բանկային և ՏՏ ոլորտներից մեկը:
Անդրադառնալով Ավստրիայի և Հայաստանի միջև հարաբերություններին, նախագահը նշել է. - «Ես պատրաստ եմ խորացնել մեր հարաբերությունները: Մենք բարձր ենք գնահատում ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչպես նաև ձեր աջակցությունն այն գաղափարին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը քաղաքական ճանապարհով այլընտրանք չունի: Ակնկալում եմ ապագայում քննարկումներ ունենալ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի, կառավարության և վարչապետի հետ՝ առաջ մղելու և զարգացնելու մեր հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլև մշակութային հարթակներում: Ինչ-որ առումով ես նաև ավստրիական մշակույթի դեսպանն եմ, քանի որ մինչ օրս 18 տարի շարունակ այցելել եմ Ֆուշլ լիճ և Զալցբուրգ (խմբ.- ավստրիական Զալցբուրգ քաղաքում ամեն տարի ամռանը կազմակերպվում է երաժշտական փառատոն). կա՞ մեկ այլ նախագահ, ով արել է նման բան»: