Մատչելիության հղումներ

Պուտինը մասնակիորեն չեղարկել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը


Մեծ բեռնատարներ Թուրքիայում, արխիվ
Մեծ բեռնատարներ Թուրքիայում, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակիորեն չեղարկել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը: Նրա ստորագրած փաստաթղթով վերականգնվում է այն պայմանների մեծ մասը, որոնք գոյություն ունեին մինչև 2016 թվականի ճգնաժամը:

Հիշեցնենք՝ 2015-ի նոյեմբերին թուրքական օդուժը Սիրիայի սահմանին ռուսական ռազմական օդանավ էր խոցել, օդաչուն զոհվել էր: Երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացել էին, Ռուսաստանը կոշտ պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի հանդեպ, բայց անցած տարիների ընթացքում այդ ամենը հարթվեց, և Մոսկվան ու Անկարան վերականգնեցին բարեկամական ջերմ հարաբերությունները:

Հիմա Պուտինի ստորագրած փաստաթղթով Թուրքիայի որոշակի խավերի, բիզնեսի ներկայացուցիչները, աշխատանքային այցեր կատարողները վիզայի կարիք չեն ունենա Ռուսաստան մտնելու համար, այդ թվում նաև խոշոր բեռնատար մեքենաների (ֆուռ) վարորդները: Ակնկալվում է, որ դա դրական ազդեցություն կունենա երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի վրա:

Թուրքիայի Միջազգային բեռնափոխադրումների ընկերակցության խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնակատար Էրման Էրեքը «Անադոլու» գործակալությանը ասել է, թե դա շատ կարևոր քայլ է: «Վիզաների հարցը Թուրքիայի համար առանցքային էր, լուծելով այդ հարցը՝ մենք լուրջ հնարավորություններ ստացանք, համոզված եմ, որ 2019-ը Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրի արդյունավետ տարի կլինի», - ասել է Էրեքը:

Նա նշել է, որ 2016 թվականի ճգնաժամից հետո Թուրքիայից 350 մեծ բեռնատար էր գնում Ռուսաստան, հարաբերությունները նորմալացնելուց հետո, 2017-ին՝ արդեն 7 հազար, 2018-ին Ռուսաստան գնացող մեծ բեռնատարների թիվը հասել է 18 հազարի, իսկ վիզային խնդիրը լուծելուց, նրա կանխատեսմամբ, կհասնի 20-30 հազարի:

Էրման Էրեքը նշել է, որ բիզնեսի համար վիզային ռեժիմը չեղարկելը շահույթ կբերի արտահանողներին, փոխադրողները արտարժույթով եկամուտներ կունենան, Թուրքիայի տնտեսությունը կզարգանա: Նա նաև հայտնել է, որ թուրքական կողմը նախապատրաստական աշխատանքներ է տանում ծովային ճանապարհով, լաստանավերով փոխադրումներ կատարելու համար, և ռուսական կողմը այդ գաղափարը պաշտպանում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG