Մատչելիության հղումներ

Բուհերին և գիտահետազոտական ինստիտուտներին տրամադրվող ֆինանսավորման կարգը կշարունակի գործել


Կառավարության նիստ, 6 փետրվարի 2019թ.
Կառավարության նիստ, 6 փետրվարի 2019թ.

Կառավարությունն այսօր որոշեց` բուհերին և գիտահետազոտական ինստիտուտներին տրամադրվող բազային ֆինանսավորման կարգը այս տարի ևս կշարունակի գործել։ Մինչ այդ կսահմանվեն բազային ֆինանսավորման սկզբունքներն ու չափանիշները, մրցութային կարգերը։

Անցած տարեվերջին կառավարության որոշմամբ՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով։ Այս որոշումը, սակայն, գիտանականների դժգոհության պատճառ էր դարձել:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարեց՝ հաշվի առնելով այդ փաստը, ինչպես նաև մրցույթների անցկացման պայմանների հստակեցման անհրաժեշտությունը, որոշել են ևս մեկ տարի գումարները տրամադրել գործող կարգով: Բազային ֆինանսավորման տողով տարեկան բյուջեից հատկացվում է 8 միլիարդ 576 միլիոն 892 հազար։

«Մենք շրջանառության մեջ ենք դնելու Կրթության և գրտության նախարարի հրամանի նախագիծ, որով գնահատվելու են իստիտուտների գիտահետազոտական կենտրոնի աշխատանքները, արդյունքները, նրանց պոտենցիալը և ըստ այդ վարակնիշավորման, կառաջրկենք, որպեսզի հաջորդ տավանից ավելի արդյունավետ ֆինանսավորում լինի», - նշեց Արայիկ Հարությունյանը։

Մինչ կառավարության որոշումը, մի խումբ գիտաշխատողներ կառավարության շենքի առջև ակցիա էին կազմակերպել՝ դեմ արտահայտվելով տարեվերջին ընդունված որոշմանը։

«Ազատության» հետ զրույցում ԵՊՀ գիտաշխատող Արմեն Գալստյանը բացատրեց. - «Պատկերացրեք, հիմա բազային լաբորատորիայում կան բազմաթիվ սարքեր, մի տարի տվեցին, լաբորատորիան, սարքերը աշխատեցին, մյուս տարի չտվեցին՝ լաբորատորիան չաշխատեց։ Ի՞նչ է նշանակում, այդ սարքերը, եթե կանգի մեջ եղան, իրենք փչանալու են, պետք է անպայման սարքերին հետևել, հետևող մարդիկ պետք է լինեն, պետք է ներդրումներ արվի սարքի վերանորոգման հետ կապված։ Այսինքն, եթե մենք դադարեցնենք, ժամանակ առ ժամանակ ֆինանսավորում տեղի ունենա, էդ գիտությունը նախ չի զարգանա, որովհետև ինքը ամեն անգամ նոր կետից է սկսում զարգանալ, այլ ոչ թե հարահոս պետք է բարձրանա և զարգանա։ Այս վերջին տարիներին մենք աշխատում ենք հակաքաղցկեղային, հակաբորբոքային, հակացնցումային պրեպարատների ստացման վրա և հրատարակում ենք ժամանակակից, բարձր վարկանիշային ամսագրերում»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նկատում է՝ եթե բազային ֆինանսավորումը փոխարինվեր մրցութային կարգով, ապա գիտության վրա բացասական ազդեցություն կունենար։

«Միշտ էս պրոբլեմը եղել է, միշտ Ֆինանսների նախարարությունը կրթության և գիտության մասին որոշումներ է կայացնում, որոնք շատ հաճախ լուրջ խնդիրներ են ստեղծում կրթության ոլորտի համար», - ընդգծեց Խաչատրյանը։

ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ Արամ Սահարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ այսօրվա որոշումն իրենց համար արդեն ընդունելի է. ֊ «Կոչ եմ անում կառավարությանը մտածել ինչ-որ ձևով.... Ես հասկանում՝ եմ միջոցները սուղ են, բայց պետք է հասկանալ, որ այդպիսի ֆինանսավորմամբ չի կարելի գիտություններ զարգացնել, ոչ միայն չի կարելի զարգացնել, այլ պահպանել էլ, դա շատ դժվար է։ Նոր երիտասարդներ գիտության մեջ բերել այսպիսի ֆինանսավորմամբ, կարծում եմ, շատ-շատ դժվար կլինի»։

Նկատում է՝ այս սուղ պայմաններում ավագ սերունդը շարունակում է աշխատել, բայց ոչ երիտասարդները. ֊ «Նոր երիտասարդ, եթե չկա, արդեն գիտություն չկա։ Եթե հիմա, նայեք, ասենք, մեր գիտական արտադրանքը ժամանակի ընթացքում ինչպես է կատարվում, կտեսնեք, որ դա նվազագույնն է։ Դրա հիմնական պատճառներից մեկը այն է, որ մեր ավագ սերունդը տարիքի հետ կապված այն ակտիվությամբ չեն կարողանում աշխատել։ Հիմնական հարցը ֆինանսավորումն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG