Մատչելիության հղումներ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը հրաժարական է տվել


Սիրանուշ Սահակյանը հրաժարվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարությունում Սահակյանը մասնավորապես նշել է. - «2017-2018 թվականների լայնածավալ օրենսդրական բարեփոփոխումներից հետո կոռուպցիայի կանխարգելման ուժեղ և ամբողջացված համակարգն իրականություն դարձավ: Կոռուպցիայի կանխարգելումը՝ որպես դրա դեմ պայքարի հիմնական ուղղություն, դրվեց ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով ու գործիքակազմով: Նոր օրենսդրական լուծումները պատշաճ նախադրյալներ ստեղծեցին պաշտոնատար անձանց ֆինանսական թափանցիկության, հայտարարագրերի վերլուծությունների միջոցով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, շահերի բախման դեպքերի կառավարման և կանխարգելման համար: Այս հետևողական ջանքերը ոչ միայն արժանացան միջազգային մասնագիտացված կառույցների բարձր գնահատականներին, այլև համակարգի հետագա կատարելագործմանն ուղղված հավակնոտ առաջարկների հիմք հանդիսացան»:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի արդեն նախկին նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ անցումային ժամանակահատվածին բնորոշ խնդիրները լուծում չեն ստացել։

«Բարեփոխումների շարունականության հեռանկարը պահանջում էր նաև սեղմ ժամկետներում հետագա քայլերի ձեռնարկում՝ սահմանադրական կարգավորումներին համահունչ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում, պաշտոնյաների նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանման նկատմամբ հսկողական մեխանիզմների գործարկում, ապօրինի հարստացումը բացահայտող տվյալներով նոր հայտարարագրերի հավաքում և վերլուծություն, ինչպես նաև ուժեղացված համագործակցություն իրավապահ մարմինների հետ: Օրենքի ուժով Հանձնաժողովի երկարաձգված լիազորություններն էլ առավելապես պետք է ապահովեին ինստիտուցիոնալ համակարգի սահուն փոխակերպումը: Մինչդեռ անցումային ժամանակահատվածին բնորոշ խնդիրները լուծում չստացան», - գրել է Սահակյանը։

Նրա խոսքով՝ չի չձևավորվել օրենքով նախատեսված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Ավելին, օրենքի հստակ պահանջների անտեսմամբ չի կազմակերպվել և չի անցկացվել այդ մարմնի անդամների թեկնածուների ընտրության մրցույթ:

«2019 թվականի հունվարի 1-ից փոփոխվեց հայտարարագրի բովանդակությունը: Ըստ այդմ, ուժը կորցրեցին հայտարարագրերին առնչվող օրենսդրական նախկին կարգավորումները: Կառավարության կողմից չհաստատվեց հայտարարագրի նոր ձևանմուշը, քանի որ այն պետք է առաջարկվեր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից: Բացի այդ, 2019 թվականի հունվարի 1-ից հայտարարագրերը ենթակա են ներկայացման ոչ թե Էթիկայի հանձնաժողովին, այլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ այսինքն՝ դեռևս գոյություն չունեցող մարմնին: Չնայած շահագրգիռ միջազգային գործընկերների հետ ունեցած պայմանավորվածություններին՝ մինչ օրս էլեկտրոնային հայտարարագրման համակարգը տեխնիկապես համապատասխանեցված չէ օրենսդրական նոր կարգավորումներին: Թեև սահմանադրական և օրենսդրական մակարդակում տևական ժամանակ ուժի մեջ են մտել մի շարք հանրային պաշտոնյաների (պատգամավորներ, կառավարության անդամներ, դատավորներ և այլն) անհամատեղելիության պահանջները, սակայն նոր մարմին չձևավորելու պատճառով չեն կիրառվում դրանց պահպանումը վերահսկող օրենքով նախատեսված կառուցակարգերը: Անտեսված են մնացել նաև վերոնշյալ խնդիրների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների հայտնած մտահոգությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հանձնաժողովի ձեռնարկած քայլերը», - նշել է Սահակյանը՝ շարունակելով. - «Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին և անցումային փուլում առկա խնդիրների լուծման նկատմամբ ունեցած պատասխանատվությանս հետ: Ուստի, այսօրվանից դադարեցնում եմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում պաշտոնավարումս»։

Նշենք, որ Սահակյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2014-ի հունվարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG