Փոքր և միջին հարկ վճարողներին նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) կտրամադրվեն 60 հազար դրամով՝ մեկ հատի դիմաց: Այս մասին հաղորդում է Հայաստանի պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ):
«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի թիվ 861-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19.01.2018թ.-ի 21-Ա հրամանի համաձայն, Հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին էր սահմանվել 160000 դրամը: Կառավարությունում բազմիցս տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման համար պետք է սահմանվի ավելի մատչելի գին: Ուստի, ս.թ. փետրվարի 5-ի ՊԵԿ նախագահի թիվ 67-Ա հրամանով հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գինը սահմանվել է 60000 դրամ», - ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
Ըստ նույն աղբյուրի՝ 2019 թվականի հունվարի 1-ից նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներով գործունեություն իրականացնելու պարտավորություն ունեցող և արդեն իսկ սարքը 160 հազար դրամով ձեռք բերած հարկ վճարողների համար կիրականացվի վերահաշվարկ:
ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ հարկ վճարողները կարող են հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ, միանվագ, կամ իրենց ցանկությամբ` ամսական համամասնությամբ երկու տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով: