Մատչելիության հղումներ

Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում երկու նոր մաքսակետերը կարևոր են նաև Հայաստանի համար. Կարասին


Այսօր Շվեյցարիայում ռուս-վրացական հանձնաժողովը պետք է որոշի, թե երբ է շվեյցարական SGS մասնավոր ընկերությունը սկսելու իր մոնիթորինգային աշխատանքները։

Դեռևս 2011-ին պաշտոնական Թբիլիսին և Մոսկվան, որ չունեն դիվանագիտական հարաբերություններ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, պայմանավորվել են, որ ստեղծում են երեք մաքսային կետ, որից երկուսը պետք է լինի Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում։

Սա նաև կարևոր համաձայնագիր է հայկական կողմի համար. Հայաստանը Ռուսաստանի հետ կապող այսօր միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վերին Լարսով, որը պարբերաբար փակ է լինում` եղանակային պայմանների պատճառով։ Եթե երկու նոր ճանապարհները գործեն, ապա զգալիորեն կդյուրացնեն ռուս-հայկական առևտրատնտեսական հաղորդակցությունը։

Նախօրեին Շվեյցարիայի արտգործնախարարությունը հատուկ հաղորդագրություն է տարածել, որում ասված է, թե Մոսկվան և Թբիլիսին ավարտել են անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ 2011 թվականի համաձայնագիրը դե ֆակտո կյանքի կոչելու համար։ Հիմնական խնդիրը «մաքսային» տերմինի մեջ էր, քանի որ երկու անցակետերը պետք է լինեն Աբխազիայում և Հարավային Օսիայում, իսկ Վրաստանը չէր ուզում, որ համաձայնագրի մեջ նշված լիներ «Հարավային Օսիայի կամ Աբխազիայի մաքսային անցակետեր» տերմինը։

Ռուսաստանը, սակայն, պնդում էր, թե իրականում համաձայնագիրը կնքվում է երեք պետությունների՝ մի դեպքում՝ Վրաստանի, Ռուսաստանի և Աբխազիայի, մյուս դեպքում՝ Վրաստանի, Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև։

«Կոմերսանտ»-ը գրել է, որ իրականում սա չի նշանակում, թե վաղն արդեն բեռներն անցնելու են Հարավային Օսիայի կամ Աբխազիայի ճանապարհներով։

Հետաքրքիր է, որ բանակցություններին ռուսական կողմն, ի դեմս փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի, ով հիմնական բանագնացն էր այս հարցով ռուսական կողմից, պարբերաբար հայտարարում էր, որ այս նոր անցակետերն ու նոր ճանապարհները կարևոր են նաև Հայաստանի համար։ Այս մասին Կարասին ասել է, մասնավորապես, հունվարի 28-ին՝ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG