Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի համեմատել որևէ այլ խնդրի հետ․ Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ աշխատում են երկու երկրների առաջնորդների հանդիպումը նախապատրաստելու վրա՝ գերմանական «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով բանակցային գործընթացից՝ Հայաստանի վարչապետն ասել է․ - «Անհնար է հակամարտությունը կարգավորել՝ չլուծելով որոշ հստակ հարցեր: Օրինակ, ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ՝ կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության անունից, սակայն հակամարտությունն առնչվում է Լեռնային Ղարաբաղին: Այդ պարագայում ո՞վ է ներկայացնելու Լեռնային Ղարաբաղը»:

Վարչապետը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում կան ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություններ, մյուս կողմից Ղարաբաղում բնակվող մարդիկ չեն մասնակցում Հայաստանի ընտրություններին:

«Նրանք ինձ իրենց որևէ տեղ ներկայացնելու մանդատ չեն տվել: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ունեն իրենց ներկայացուցիչները, ովքեր էլ պետք է բանակցային գործընթացում ներկայացնեն իրենց»,- ասել է Փաշինյանը:

Ծավալում հարցազրույցում Փաշինյանը պնդել է՝ ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի համեմատել որևէ այլ խնդրի հետ՝ բերելով կոնկրետ օրինակներ.- «Աբխազիայի բնակիչներն, օրինակ, կարող են անարգել մեկնել Թբիլիսի, մինչդեռ ադրբեջանցի սահմանապահները, հայկական ազգանունով փաստաթղթեր տեսնելիս ուղղակի արգելում են մտնել Ադրբեջան»:

«Անընդունելի են հայաստանյան և այլ հեղափոխությունների միջև զուգահեռ անցկացնելու փորձերը»

Փաշինյանը խոսել է նաև իշխանափոխությունից հետո երկրում արձանագրված ձեռքբերումների մասին․ - «Ամենամեծ նվաճումն այն է, որ այժմ Հայաստանը ժողովրդավար երկիր է, որտեղ արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան, Հայաստանում չկան տնտեսական մենաշնորհներ, բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, և քաղաքացիներն են որոշում իշխանության ճակատագիրը: Նրանք են որոշում են՝ ով է լինելու իշխանություն, ով՝ դրա շրջանակից դուրս»:

Վարչապետը կրկին հայտարարել է՝ անընդունելի է համարում հայաստանյան և այլ հեղափոխությունների միջև զուգահեռ անցկացնելու փորձերը՝ հերթական անգամ պնդելով, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության օրակարգը չուներ աշխարհաքաղաքական ենթատեքստ, դրանում տեղ չուներ նաև որևէ օտարերկրյա ուժ:

Հեղինակավոր գերմանական լրատվամիջոցի թղթակիցը հետաքրքրվել է՝ Ռուսաստանի նախագահը, որը չի սիրում հեղափոխություններ, ինչո՞ւ հայաստանյան իշխանափոխության հարցում դրսևորեց շատ չեզոք ու հանդուրժող կեցվածք: «Որովհետև, ինչպես ասացի, սա զուտ ներհայաստանյան գործընթաց էր, և կարող եմ ասել, որ որևէ արտաքին ուժ հնարավորություն չուներ միջամտել մեր ներքին զրագացումներին: Որովհետև, ինչպես այդ օրերին, այնպես էլ հիմա, Հայաստանի ժողովուրդը միասնական է: Մեզ մոտ անցկացվեցին ժողովրդավարական ընտրություններ,և սա ոչ միայն իմ գնահաականն է, այլև՝ միջազգային համայնքի ու մեր հասարակության»,- արձագանքել է Փաշինյանը:

«Դոյչ Վելլե»-ի ռուսական ծառայության լրագրողի մյուս հարցին, թե արդյոք ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կարո՞ղ է կրկնել նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի փորձը, Հայաստանի վարչապետն արձագանքել է․ - «Ես չեմ կարող մեկնաբանել որեւէ երկրի ներքին գործընթացները: Ես չեմ որոշում, թե ինչ պետք է տեղի ունենա այս կամ այն երկրում»:

«Մենք չենք փորձում նստել միանգամից երկու աթոռների վրա»

Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև Փաշինյանի՝ անցած շաբաթ Գերմանիա կատարած պաշտոնական այցին: «Մենք պայմանավորվել ենք, որ Գերմանիան կաջակցի բարեփոխումների մեր օրակարգին, և պետք է ասեմ, որ Գերմանիան շատ դրական է վերաբերում Հայաստանին, հատկապես այն քաղաքական փոփխություններից հետո, որ տեղի ունեցան մեր երկրում: Գերմանիայի կառավարությունը հետաքրքրված է, որ Հայաստանում տեղի ունենան ժողովրդավարական և համակարգային բարեփոխումներ և ժողովրդավարությունը երաշխավորված լինի ինստիտուցիոնալ մակարդակով»,- ասել է նա:

Գերմանացի լրագրողը հարցրել է՝ Ուկրաինայի նախկին նախագահին չհաջողվեց խորացնել հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական տնտեսական միության հետ՝ ինչո՞ւ է Փաշինյանը կարծում, որ դա իրեն կհաջողվի:

«Մենք չենք փորձում նստել միանգամից երկու աթոռների վրա»,- արձագանքել է Հայաստանի վարչապետը: «Մենք նման նպատակ չունենք: Բոլոր երկրները, այդ թվում՝ Գերմանիան, բազմակողմ հարաբերություններ ունեն: Մենք ևս զարգացնում ենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով: Ես արդեն հայտարարել եմ, որ Եվրամիությունը աջակցում է մեր բարեփոխումներին, և որ ամենակարևորն է՝ Եվրասիական միությունը մեր առջև խնդիր չի դնում և չի պահանջում ընտրություն կատարել: Մեր հարաբերությունները թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ լիովին թափանցիկ են, և մենք չենք պատրաստվում որևէ դաշնակցի հետ հարաբերություններ զարգացնել մյուսի հաշվին»:

Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև 2008-ի մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին:

«Դուք գիտեք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի են ունեցել հայտնի ողբերգական իրադարձություններ, որոնց հետևանքով տասը մարդ զոհվել է: Բոլոր եվրոպական, միջազգային կազմակերպությունները պահանջում էին օբյեկտիվ հետաքննություն անցկացնել, և այժմ այդ քննությունը շարունակվում է, Քոչարյանը կալանավորված է, քրեական գործի հետաքննությունը շարունակվում է․ թե ինչի կհանգեցնի այն, չեմ կարող ասել»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG