Մատչելիության հղումներ

Գուայդո. «Մենք կանգ չենք առնի դեմոկրատիա հաստատելու ճանապարհին»


Վենեսուելայի «միջանկյալ նախագահ» Խուան Գուայդոն դիմում է աջակիցներին, Կարակաս, 4-ը փետրվարի, 2019թ.

Մադուրոն պնդում է, որ տեղի չի տա:

Գուայդոյի միջազգային ճանաչումը որպես «միջանկյալ նախագահ» շարունակվում է

Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպական միության մի շարք երկրներ, Եվրախորհրդարանը, հարավամերիկյան պետություններ այլևս չեն ընդունում Նիկոլաս Մադուրոյի նախագահությունը:

Երեկ Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոյին «միջանկյալ նախագահ» ճանաչելու մասին են հաղորդել 14 երկրներ միավորող «Լիմայի խմբի» 11 անդամներ, այդ թվում՝ Արգենտինան, Բրազիլիան և Կանադան:

«Սատարելով Խուան Գուայդոյին և նրան ճանաչելով որպես Վենեսուելայի «միջանկյալ նախագահ», մենք ճանաչում և սատարում ենք դեմոկրատիա հաստատելու Վենեսուելայի ժողովրդի իրավունքը, այդ թվում՝ բողոքներ հայտնելու իրավունքը, որն ունի Կանադան: Ցավում եմ, որ Վենեսուելան զրկված է քաղաքական բողոքների իրավունքից», - ասել է Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդը:

Պերուի արտգործնախարար Նեստոր Պոպոլոցիոն ասել է, թե «Լիմայի խումբը» Վենեսուելայի զինված ուժերին կոչ է արել սատարել Գուայդոյին:

Գուայդոն երախտապարտ է Եվրոպային

Նրան աջակցություն են հայտել նաև Եվրոպական միության երկրներից շատերը: Խուան Գուայդոն իր երախտագիտությունն է հայտնել այդ պետություններին:

«Ֆրանսիա՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն: Գերմանիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Լիտվա, Չեխիա, Պորտուգալիա, Էստոնիա, ավելի քան 20 երկիր: Այդ ճանաչումը Վենեսուելայի ժողովրդի նվաճումն է, մեր ժողովուրդը երբեք չի դադարեցրել դեմոկրատիա և ազատություն նվաճելու պայքարը: Մենք կանգ չենք առնի դեմոկրատիա հաստատելու ճանապարհին», - ասել է Գուայդոն:

«Պետք է բանակցել, այլապես նման է ռեժիմ փոխելուն»

Մինչդեռ, Ռուսաստանը շարունակում է պաշտպանել Նիկոլաս Մադուրոյին: Այսօր Դուշանբեում Ռուս-տաջիկական սլավոնական համալսարանում այդ մասին է խոսել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

«Վենեսուելայի ճգնաժամը կարելի է կարգավորել միայն իշխանության և ընդդիմության երկխոսության ճանապարհով: Անընդունելի է, որ արտասահմանից ասում են, թե ով է հետայսու Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը: Պետք է բանակցել, այլապես նման կլինի ռեժիմ փոխելուն՝ մի բան, որն Արևմուտքը հաճախ է արել, և, ի դեպ, ոչ մի երկիր, որտեղ այդպես ռեժիմ է փոխվել, դրանից չի շահել», - ասել է Սերգեյ Լավրովը:

«Եվրոպան սխալվում է»

Վենեսուելայի ի պաշտոնե նախագահ Նիկոլաս Մադուրոն ռուսական լրատվամիջոցներին այսօր ասել է, որ երկրում ոչ մի նոր ընտրություն չի լինի, և ինքը կշարունակի գործել որպես օրինական ղեկավար:

«Եվրոպացիները սխալ են գործում, նրանք ճանաչում են մի բան, որը գոյություն չունի», - ասել է Մադուրոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG