Մատչելիության հղումներ

ՃՈ-ն նախորդ շաբաթ ուժեղացված ծառայություն է իրականացրել, տուգանային հրապարակ է տեղափոխել 334 մեքենա


Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա, արխիվ
Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա, արխիվ

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հունվարի 28-ից մինչև փետրվարի 3-ը ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում, երկրի մյուս խոշոր քաղաքներում ու ավտոճանապարհներին։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ այդ ընթացքում Երևանը սպասարկող ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 229 տրանսպորտային միջոց։ «22 վարորդ մեքենան վարել է ալկոհոլի ազդեցության տակ, մյուս մեքենաների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ճանապարհապարեկային ծառայության բաժնի աշխատակիցները Հյուսիսային պողոտայում և հարակից տարածքում իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքում միայն փետրվարի 1-ին 10 մեքենա են հայտնաբերել, որոնցից 9-ի խլացուցիչները վերասարքավորված են եղել բարձր ձայնով երթևեկելու համար, 1-ը շահագործվել է փոխարինված համարանիշերով։ 10 մեքենան էլ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 82 տրանսպորտային միջոց։ 41-ի վարորդները հողմապակու թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին։

Հունվարի 28-ից փետրվարի 3-ը մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 105 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 79-ի վարորդները ալկոհոլի ազդեցության տակ են եղել։ 12 վարորդներ մեքենաները վարել են ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով, 1-ը՝ առանց համարանիշերի։ Մյուսները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։

Մարզերում հայտնաբերվել է առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող ընդհանուր 169 մեքենա, որոնցից միայն 15-ի վարորդներն են թաղանթապատումը տեղում վերացրել։ 8 վարորդ էլ վարչական տույժի է ենթարկվել երթևեկելիս տրանսպորտային միջոցներից տարբեր իրեր փողոց նետելու համար։

Ճանապարհային ոստիկանությունը վստահեցնում է, որ «նույն հետևողականությամբ շարունակելու է ուժեղացված ծառայությունը՝ անհանդուրժող լինելով կարգազանցների նկատմամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG