Մատչելիության հղումներ

Նախկինում հայերին պատկանած հողակտորը Դիարբեքիրում՝ դատական վեճերի առարկա


Դիարբեքիրի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ապրիլ, 2015թ.

Դիարբեքիրում ավելի քան հարյուր տարի է` դատական վեճեր են` պարզելու, թե ում է բաժին հասնելու նահանգի հենց կենտրոնում գտնվող 150 հեկտարից ավելի հողակտորը, որ ժամանակին պատկանում էր հայերին, հաղորդում է Թուրքիայի անկախ լրատվամիջոցներից մեկը` «Ահվալ»-ը, փաստելով` այսօր վիճահարույց այդ հողի գինը հասնում է 400 միլիոն թուրքական լիրայի:

Թղթակիցը պատմում է, որ նահանգի ամենակենտրոնական հատվածում գտնվող այդ հսկայական տարածքում մինչ այսօր ոչինչ չի կառուցվել` հողամասի մեջտեղով անցնող երկաթգծից ու մի քանի փոքր շինություններից բացի:

Տևական ժամանակ, ըստ պարբերականի, ասեկոսեներ էին շրջում, թե պետությունն առգրավել էր այդ թանկարժեք հողակտորը Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանից, քանի որ վերջինս Դիարբեքիրի կադաստրում էր աշխատել 1970- ականներին:

«Իրականում, սակայն, տարածքի շուրջ վեճը սկսվել է շատ ավելի վաղ, սեփականությունն էլ կապվում է հայերի հետ, որոնք գաղթել են այստեղից կամ սպանվել 1915-ի ցեղասպանության ժամանակ», - գրում է «Ահլավ»-ը` մանրամասնելով` ըստ որոշ աղբյուրների, տարածքի մեծ մասը պատկանում է հայազգի Շուրուպչու Հակոբ Էֆենդիին, ով ենթադրաբար ապրել է Դիարբեքիրում ցեղասպանությունից առաջ, և որի մասին այդուհետև որևէ մեկը որևէ բան չի լսել:

Ըստ պարբերականի, տարածքի սեփականության հարցով առաջին դատական հայցը ներկայացվել է դեռ 1954-ին երեք անձանց` Հուսեյն Ուլուղի, Ահմեդ ու Մեհմեդ Արշակների կողմից, ովքեր պնդել են, թե իրականում հողի 100 հեկտարն իրենց է պատկանում, սակայն կադաստրն ընդամենը դրա կեսի սեփականությունն է ամրագրել:

Դատաքննությունը չավարտված, պարզվել է` տարածքի նկատմամբ հավակնություններ ունեն նաև տասնյակ այլ քաղաքացիներ ու պետական կառույցներ, այդ թվում` Մայրուղիների գլխավոր վարչությունը, երկաթուղին ու Դիարբեքիրի քաղաքապետարանը: Արդյունքում հայցվորների թիվը հասել է 180-ի:

Ֆինանսների նախարարությունն, իր հերթին, հակընդդեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, թե իրականում տարածքը պետք է տրվի պետությանը, քանի որ այն պատկանել է Թուրքիայի ոչ մահմեդական քաղաքացիներին, որոնք «գաղթել են, կամ որոնց գտնվելու վայրը հայտնի չէ»։

Տասնամյակներ շարունակված դատական վեճերից հետո, ի վերջո, 1987-ին Դիարբեքիրի Կադաստրային դատարանը բավարարել է Ֆինանսների նախարարության հայցը, ըստ այդմ փաստելով, որ մյուս հայցվորներից որևէ մեկն իր սեփականության իրավունքը հավաստող բավարար ապացույցներ չունի, հողն էլ ժամանակին պատկանել է Թուրքիայի ոչ մահմեդական քաղաքացիներին, որոնց գտնվելու վայրն անհայտ է:

Սրանով, սակայն, ոդիսականը չի ավարտվել. տասը տարի անց գործին միջամտել է Թուրքիայի վերաքննիչ դատարանը, որը չեղարկել է տեղական դատարանի որոշումն ու պահանջել հավելյալ քննություն անցկացնել: Արդյունքում` անցած տարի նույն Դիարբեքիրի դատարանը 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումն ու վճռել, թե տարածքի հանդեպ հավակնություն ունեցող թուրքերի փաստաթղթերը բավարար են՝ նրանց սեփականության իրավունքը գրանցելու համար: Ըստ այդմ, սեփականատեր են ճանաչվել մոտ երեք տասնյակ անձինք, մի քանի հեկտար էլ բաժին է հասել Պետական երկաթուղիներին ու Մայրուղիների վարչությանը:

Գործին քաջատեղյակ փաստաբաններից մեկը, սակայն, որ այս ոլորտում աշխատելու ավելի քան 40 տարվա փորձ ունի, «Ահվալ» լրատվական գործակալությանն ասել է` 1862-ին, երբ գրանցվել են տարածքի սեփականության իրավունքները, սեփականատերերի թվում ընդամենը մի քանի մահմեդականներ են եղել, որ սերել են արիստոկրատ ընտանիքներից, հողի գերակշիռ մասը պատկանել է քրիստոնյաներին:

Փաստաբանը փաստել է` ամեն ինչ խճճվել է ցեղասպանությունից հետո, հիշեցնելով 1915-ին ընդունված օրենքը, ըստ որի, եթե Թուրքիայի ոչ մահմեդական քաղաքացին անհետ կորած է կամ զենք է գործադրել պետության դեմ, զրկվում է քաղաքացիությունից, գույքն էլ առգրավվում է պետության օգտին։ Ընդ որում, ըստ փաստաբանի, Օսմանյան կայսրությունում ընդունված այդ օրենքը գործում է նաև Թուրքիայի ներկայիս հանրապետությունում:

Ըստ հոդվածագրի, վիճահարույց այս գործով դատարանի վերջին որոշումն էլ ոչ բոլոր հայցվորներին է բավարարել, և տեղի տասնյակ բնակիչներ պատրաստվում են շարունակել արդեն մեկ դար ձգվող այս պատմությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG