Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, զինված ուժերը հաջողությամբ փորձարկել են նոր թևավոր հրթիռ, որի հեռահարությունը 1350 կիլոմետր է:
«Փորձարկումը հաջողությամբ է պսակվել: «Հովեիզեհ» հրթիռն անցել է 1200 կիլոմետր և խոցել է ուսումնական թիրախը», - Թեհրանի հեռուստատեսությամբ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին:
Նրա փոխանցմամբ, «հրթիռն ամբողջությամբ արտադրվել է Իրանում՝ առանց օտարերկրացիների օգնության»:
Այս օրերին Իրանում նշում են Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակը:
Հայտարարելով 2015 թվականին Իրանի հետ գերտերությունների կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և պատժամիջոցները վերականգնելու մասին, Միացյալ Նահանգներն ի շարս այլ հանգամանքների՝ նշել է, որ այդ փաստաթուղթը չի կանխել Իրանում նոր հրթիռներ ստեղծելու հնարավորությունը: Դրանք, ըստ Վաշինգտոնի, կարող են ուղղակի հարվածի տակ դնել Իսրայելը:
2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է թիվ 2231 բանաձևը, որն արգելում է Իրանին 8 տարվա ընթացքում մշակել և արտադրել միջուկային մարտագլխիկ կրելու կարողությամբ հրթիռներ:
Թեհրանը պնդում է, որ իր հրթիռները միջուկային զենք կրելու հնարավորություն չունեն:
Իրանի այսօրվա հայտարարությունը նոր հրթիռ փորձարկելու մասին անկախ աղբյուրների կողմից դեռ չի հաստատվել: