Այն սպաներն ու զինվորները, ովքեր վիրավորում են ստացել ծառայության ժամանակ և առողջական խնդիրների պատճառով չենք կարող ծառայել բանակում, կշարունակեն աշխատել Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ), կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ), այսօր ասել է ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Վանեցյանը շրջայց է կատարել, ծանոթացել զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զրուցել կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինծառայողների հետ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:
Անդրադառնալով հարցին, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող երիտասարդներն աշխատանք գտնելու խնդիր ունեն՝ ԱԱԾ տնօրենը նշել է, որ ինչպես ԱԱԾ-ում, այնպես էլ ՀՖՖ-ում մեծ սիրով պատրաստ են աշխատանքի ընդունել նրանց. - «ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ զրույցում տեղեկացա, որ կարող ենք ներկայացնել մեզ մոտ աշխատելու համար անհրաժեշտ պահանջները, և այդ երիտասարդներն համապատասխան վերապատրաստումներից հետո ձեռք կբերեն պահանջված հմտություններն ու կանցնեն աշխատանքի»։
Արթուր Վանեցյանը նշել է նաև, որ ԱԱԾ-ի և ՀՖՖ-ի աշխատանքներում այդ զինվորներին ու սպաներին ներգրավելու հարցը կլինի իր հսկողության ներքո:
Շրջայցի վերջում, ԱԱԾ տնօրենը ճաշել է կենտրոնում բուժվող զինծառայողների հետ: