Մատչելիության հղումներ

ԵՄ-ի նկատմամբ քաղաքացիների վստահությունը պայմանավորված է ԵԱՏՄ-ի բացասական ազդեցությամբ. Վերլուծաբան


Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան

Հայաստանի 4 քաղաքներում շուրջ 800 հարցվածների մոտ 87 տոկոսը կարծում է, որ նոր իշխանությունները պետք է ավելի խորացնեն Եվրոպական միության հետ հարաբերությունները:

2017 թվին էլ գրեթե նույն ցուցանիշն էր։

Այս տվյալները փոխանցեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ ներկայացնելով միջազգային կազմակերպությունների նկատմամբ Հայաստանի հասարակության տրամադրվածության շուրջ արված ուսումնասիրությունը։

Ըստ վերլուծաբանի, Եվրոպական միության նկատմամբ Հայաստանի քաղաքցիների բարձր վստահությունը պայմանավորված է ԵԱՏՄ-ի ակնհայտ բացասական ազդեցությամբ։

«ԵԱՏՄ ուժը ինչո՞ւմ է, որ ԵԱՏՄ-ն էլ տալիս է արդյունք, բայց՝ հստակ բացասական ու դուք տեսնում եք։ Շատերը չգիտեն, թե ինչի հետ է կապված, որ Թուրքիայի հետ առևտրի այդ մարդիկ այսօր պրոբլեմ ունեն, դա կապված է ԵԱՏՄ անդամակցության հետ։ Հիմա սկսեցին ԵԱՏՄ-ի խաղի կանոնները աշխատել ու տուժվեց մեր քաղաքացին։ Նույնը մեքենաների․․․ շատերը չգիտեն, էդ ինչի հետ է կապված, որ ներմուծումը հիմա հանդիպում է լուրջ պրոբլեմի։ Դա ԵԱՏՄ-ի կարգավորումն է սկսել աշխատել», - նշեց Ստեփան Գրիգորյանը։

Նոր կառավարությունը շատ լավ հնարավորություն ունի հավասարակշռելու երկրի բազմավեկտոր քաղաքականությունը, կարծում է Ստեփան Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ԵԱՏՄ-ն ոչինչ չի տա Հայաստանին․ - «Մանևրելով ԵԱՏՄ-ում, փորձելով ԵԱՏՄ-ն ավելի էֆեկտիվ դարձնել, ավելի ակտիվ աշխատացնել Եվրամիության հետ մեր նոր պայմանագիրը, շանս կա և՛ հարգել ժողովրդի կարծիքը, և՛ համագործակցել Եվրամիության հետ ավելի խորը, միաժամանակ փորձել ԵԱՏՄ-ում ինչ-որ բան ստանալ»։

Հարցվածների 41 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է։ 30 տոկոսն էլ համարում է, որ Ռուսաստանն ապահովում է Հայաստանի անվտանգությունը։

Համեմատելով 2017-ի հետ՝ Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ հեղափոխությունից հետո Ռուսաստանի նկատմամբ վստահությունը մի փոքր մեծացել է․ - «Ռուսաստանը հեղափոխության ժամանակ զգույշ պահեց իրեն ու ակնհայտ մեծ աջակցություն չէր տալիս նախկին վարկանեկված ռեժիմին Հայաստանի, նեյտրալ պահեց գրեթե այդ հեղափոխության ժամանակ ու ժողովուրդը դա գնահատեց»։

Թեև 2017-ի համեմատ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը փոքր-ինչ մեղմացել է, այդուհանդերձ, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանի հետ դաշնակից և ՀԱՊԿ անդամ լինելու ֆոնին այդ ցուցանիշները շատ ցածր են։

«Ռուսաստանը վերջին տարիներին զենք է ծախել Ադրբեջանին ու հարձակողական զենք, լուրջ զենք։ Պարզ է, որ մեր հասարակության ներսում Ռուսաստանի նկատմամբ վերապահումներ կան, այլ գործոններ կան: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեկ մի բան է ասում էսօր, վաղը մի այլ բան։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը օգտագործում է Ղարաբաղի հարցը մոնիպուլյացիա անել Ադրբեջան-Հայաստանի միջև, պահելու մեզ իրար մոտ», - նշեց Ստեփան Գրիգորյանը։

Հասարակության մեջ ցածր է նաև վստահությունը ռուսական լրատվամիջոցների կողմից տրամադրված տեղեկությունների նկատմամբ։ 64 տոկոսը չի վստահում ռուսական ալիքներին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում հարցվածների մոտ 60 տոկոսը կարծում է, որ ՀԱՊԿ-ը չի աջակցի Հայաստանին։

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ հասարակության մեջ ՀԱՊԿ-ի նկատմամբ բավականին քննադատական վերաբերմունք կա։ Պատճառը դեռ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ի կողմից ոչ միայն Հայաստանին չօժանդակելն էր, այլ նաև ուշացած ու ոչինչ չասող հայտարարությունը։ Հարցվածներին 80 տոկոսը կարծում է, որ նոր իշխանությունները պետք է վերսկսեն բանակցություններն Ադրբեջանի հետ ղարաբաղյան հարցի շուրջ:

Ուսումնասիրության հեղինակաները քաղաքացիներին հարցրել են նաև, թե որքանով են վստահում նոր իշխանություններին կոռումցիայի դեմ վարվող պայքարի հարցում։ Հարցվածների 84,51 տոկոսը վստահում է նոր կառավարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG