Մատչելիության հղումներ

Բաղրամյան 26-ից առերևույթ գողացված հուշամեդալները վերադարձվել են. քննություն է տարվում պարզելու դեպքի հանգամանքները. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու դեպքի առթիվ:

Ըստ հաղորդագրության, հունվարի 30-ին Ոստիկանության Երևան քաղաքի Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ անհայտ անձը Երևան քաղաքի Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքի հարկաբաժիններից մեկի միջանցքում տեղադրված, պահեստարան համարվող փայտյա ցուցափեղկի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել այնտեղ և գաղտնի հափշտակել դրանում առկա հուշամեդալներից թվով չորսը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն):

«Նույն օրը՝ հունվարի 30-ին, զննության է ենթարկվել դեպքի վայրը: Նշանակվել են դատամատնադրոշմային և դատագենետիկական փորձաքննություններ, հարցաքննվել 2 տասնյակից ավել անձինք: Հունվարի 31-ին նախաքննական մարմին տեղեկություն է ստացվել, որ հուշամեդալները, որոնք առերևույթ գողացվել էին, իրենց տեղում են: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հուշամեդալները հունվարի 30-ին գողացած և հունվարի 31-ին վերադարձրած անձի կամ անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ դեպքի հանգամանքները», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG