Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրադեղերի և հոգեմետ դեղորայքի անօրինական տեղափոխման երկու դեպք, հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։
Մասնավորապես, ըստ հաղորդագրության, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կետում մաքսային հսկողության են ենթարկել Ֆրանսիայից Հայաստանի քաղաքացու անունով ուղարկված ծանրոցը։ Զննությունից պարզվել է, որ ծանրոցում, բացի օգտագործված հագուստից, առկա է նաև դողորայք՝ 132 դեղահաբ, որից 92-ը՝ հոգեմետ:
ՊԵԿ-ը նշում է, որ մեկ այլ դեպքով՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արարատյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն ԱՄՆ-ից Հայաստան ներկրված ավտոմեքենան մաքսային հսկողության ենթարկելու արդյունքում հայտնաբերել են 1320 դեղահաբ, որից 360-ը հանդիսանում են հոգեմետ, իսկ 960-ը՝ թմրադեղ: