Մատչելիության հղումներ

«Գուաիդոն Վենեսուելայի միջանկյալ նախագահն է». Եվրախորհրդարան


Վենեսուելայի «միջանկյալ նախագահ» Խուան Գուաիդոն, Կարակաս, 30 հունվարի, 2019թ.
Վենեսուելայի «միջանկյալ նախագահ» Խուան Գուաիդոն, Կարակաս, 30 հունվարի, 2019թ.

Եվրախորհրդարանը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, ինքնահռչակ նախագահ և այդ կարգավիճակում Միացյալ Նահանգների ու մի շարք այլ երկրների հավանությունը ստացած Խուան Գուաիդոյին ճանաչել է Վենեսուելայի միջանկյալ նախագահ:

«Պատիվ ունեմ հայտարարել, որ Եվրոպական խորհրդարանը պարոն Գուադոյին ճանաչում է Վենեսուելայի օրինական միջանկյալ նախագահ», - երեկ Բրյուսելում հայտարարել է Եվրախորհրդարանի խոսնակ, իտալացի քաղաքական գործիչ Անտոնիո Տայանին:

Նրա փոխանցմամբ, Եվրախորհրդարանը եվրոպական քաղաքական հաստատություններից առաջինն է, որը Գուաիդոյին պաշտոնապես ճանաչում է Վենեսուելայի միջանկյալ նախագահ:

«Մենք կոչ ենք անում անդամ երկրներին և արտաքին քաղաքականության պատասխանատու ֆեդերիկա Մոգերինիին հետևել մեր օրինակին և դրանով վերահաստատել Եվրոպայի հզոր ու միացյալ դիրքորոշումը», - ասել է Տայանին:

Երեկվա նիստում եվրոպացի օրենսդիրները նշել են, որ հիմա Վենեսուելան ճակատագրական փուլում է, ծանր ճգնաժամը շարունակվում է, միլիոնավոր մարդիկ արդեն լքել են երկիրը, արտագաղթը հենց այս ժամերին էլ շարունակվում է:

«Անհրաժեշտ է խաղաղ և դեմոկրատական ելք գտնել և մարդկանց տալ իրենց ճակատագիրը որոշելու հնարավորություն: Միակ լուծումն արդար և ազատ ընտրություններն են», - ասել է Եվրամիության մարդասիրական օգնության և ճգնաժամերի կարգավորման հարցերով հանձնակատար Կրիստոս Ստիլիանդեսը:

Եվրախորհրդարանը միության 28 երկրների կառավարություններին կոչ է արել ընդունել պարտադիր ուժ չունեցող այդ բանաձևը և Գուաիդոյին ճանաչել Վենեսուելայի «միակ օրինական միջանկյալ նախագահ, որի լիազորությունները կլինեն ուժի մեջ մինչև ապագայում կայանալիք ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները»:

Մինչդեռ, Վենեսուելայի պաշտոնական նախագահ համարվող Նիկոլաս Մադուրոն ստանում է մի շարք ավտորիտար երկրների ու նախևառաջ Ռուսաստանի աջակցությունը:

Մոսկվան վերջին օրերին անընդհատ պնդում է, որ բոլոր միջոցներով սատարելու է Կարակասի օրինական ղեկավարին:

Արևմուտքը փորձում է հասկանալ Կրեմլի նյարդային դիրքորոշման շարժառիթները: Դրանց թվում են առևտուրը, Վենեսուելայի մեծ պարտքը Մոսկվային, կամ, օրինակ, ի հեճուկս ԱՄՆ-ի, Հարավային Ամերիկայում քաղաքական ազդեցություն պահպանելու ձգտումը:

Ուշագրավ վարկած է առաջարկել Neue Zürcher Zeitung պարբերականի վերլուծաբան Ուլրիխ Շպեկը:

Նրա համոզմամբ, Նիկոլաս Մադուրոյին պաշտպանելու Վլադիմիր Պուտինի վճռականության հիմքում մոլորակի դիկտատորների համերաշխությունն է:

Ամերիկայի աջակցությունը վայելող հանրային բողոքների միջոցով ռեժիմներ տապալելու և դեմոկրատիա հաստատելու գաղափարն անընդունելի է Պուտինի համար, դա մղձավանջային սցենար է, որի իրականացումը պետք է կասեցնել ցանկացած գնով: Իսկ Վենեսուելայում հիմա հենց դա է իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG