Մատչելիության հղումներ

Փաշինյանը Գերմանիայում հանդիպել է KfW բանկի տարածաշրջանային տնօրենին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գերմանիայում հանդիպել է Գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկային:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետը նշել է, որ KfW-ն արդյունավետ գործընկեր է Հայաստանի համար, որի հետ համագործակցության շրջանակում Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվում են մի շարք ծրագրեր:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է 2018-ի նոյեմբերին KfW բանկի հետ ստորագրված «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի վերաբերյալ դրամաշնորհային համաձայնագիրը` 23,208,483.13 եվրո ընդհանուր արժեքով, որը մեր տարածաշրջանում այս ոլորտի ամենանշանակալի ծրագրերից մեկն է:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում այդ ոլորտը բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանեցնելը կառավարության կարևոր առաջնահերթություններից է և ուրախալի է այդ գործում, ի դեմս Գերմանական զարգացման բանկի, ունենալ նման վստահելի դաշնակից:

KfW-ի տարածաշրջանային տնօրենն իր հերթին նշել է` Հայաստանը կարևոր գործընկեր է Գերմանական զարգացման բանկի համար, որի հետ համատեղ արդյունավետ ծրագրեր են կյանքի կոչվում:

Գոհունակություն հայտնելով հայաստանյան տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության ընթացքից` Զիմելկան ավելացրել է, որ Հայաստան-KfW գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական կապերի զարգացմանը, և բանկը հետաքրքրված է նոր նախաձեռնությունների քննարկմամբ ու իրականացմամբ:

ՀՀ վարչապետը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, ջրային տնտեսության և ջրամբարաշինության ոլորտներում ներկայիս ծրագրերի ընթացքը, ինչպես նաև մտքեր փոխանակել հեռանկարային այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հարցերի շուրջ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG