Մատչելիության հղումներ

Հայտնի չէ՝ ինչ է տեղափոխել Մոսկվա-Կարակաս-Մոսկվա թռիչքներ կատարած «Բոինգ»-ը


Վենեսուելա - Ռուսական Nordwind ավիաընկերության «Բոինգ 777» օդանավը թռիչք է կատարում Կարակասի օդանավակայանից, 30-ը հունվարի, 2019թ․
Վենեսուելա - Ռուսական Nordwind ավիաընկերության «Բոինգ 777» օդանավը թռիչք է կատարում Կարակասի օդանավակայանից, 30-ը հունվարի, 2019թ․

Ռուսական օդանավը վերադարձել է Վենեսուելայի մայրաքաղաքից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, այս մասին հայտնում է Flight Radar-ը։ Այլ տեղեկություն օդանավի մասին չկա, թե ինչ է տեղափոխել Կարակասից Մոսկվա Nordwind ավիաընկերությանը պատկանող «Բոինգ 777»-ը, այս պահին հայտնի չէ։

Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Վենեսուելայի խորհրդարանի պատգամավոր Խոսե Գերրան հայտարարել էր, թե Կենտրոնական բանկը մտադիր է ռուսական օդանավով երկրից հանել շուրջ 20 տոննա ոսկի։ Bloomberg-ը հաստատել էր այս լուրը՝ նկատելով, թե սա մոտ 840 միլիոն արժե և Վենեսուելայի ոսկու պաշարների 20 տոկոսն է։

Նիկոլաս Մադուրոյի կառավարության նախարարը, սակայն, հայտարարել էր, որ որևէ ռուսական օդանավ Կարակասում վայրէջք չի կատարել։ Տեղեկատվությունը հերքել էր նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ասելով, թե Ռուսաստան Վենեսուելայից ոսկի տեղափոխելու մտադրության մասին որևէ տեղեկություն չունի։

Հայտնի է, որ երկուշաբթի օրը ռուսական Nordwind ավիաընկերության մարդատար օդանավը դուրս էր եկել «Վնուկովո» օդանավակայանից։ «Նովայա գազետա»-ն գրել էր, թե օդանավակայանում հաստատել են, որ մարդատար օդանավում ուղևորներ չեն եղել։ Օդանավը վայրէջք է կատարել Վենեսուելայի մայրաքաղաքում։ Այս օդանավի լուսանկարը կա՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում, երեքշաբթի օրը։ Եվ այսօր արդեն կա տեղեկություն, որ այդ նույն օդանավը վերադարձել է Մոսկվա։ Տեղափոխել է այն ոսկի, թե ոչ՝ հստակ տեղեկություն չկա։

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հեղափոխություն է տեղի ունենում, նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բազմահազարանոց ցույցեր են, մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Բրազիլիան, Ավստրալիան, Կանադան, Իսրայելը, չեն ճանաչում Մադուրոյին որպես նախագահ։

Հունվարի 23-ին Վենեսուելայի խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ՝ հերթական մարդաշատ հանրահավաքի ժամանակ։ Պաշտոնական Վաշինգտոնը Գուայդոյին է ճանաչում որպես երկրի ղեկավար։

Ռուսաստանը այս կոնֆլիկտում աջակցում է Նիկոլաս Մադուրոյին և հայտարարում, որ Միացյալ Նահանգները պարզապես իշխանափոխություն է ուզում իրականացնել լատինամերիկյան այս երկրում։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր, մասնավորապես, հայտարարել է, որ Վաշինգտոնը վաղուց էր իշխանափոխություն պլանավորում Վենեսուելայում։

Ռուսաստանը ակտիվ աջակցում է Վենեսուելայի կառավարությանը։ Թե ինչքան է ընդհանուր առմամբ կազմում Վենեսուելայի պարտքը Ռուսաստանին, պաշտոնական տեղեկություն չկա, սակայն Reuters-ը 2017 թվականի օգոստոսին գրել էր, թե 2006-ից սկսած «Ռոսնեֆտ»-ն ու ռուսական կառավարությունը այդ երկրին են տրամադրել շուրջ 17 միլիարդ դոլարի վարկ։

Երեկ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ կան որոշակի ռիսկեր ռուսական ընկերությունների համար, և Մոսկվան հույսով է, որ Կարակասը կկատարի իր ստանձնած պարտավորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG