Մատչելիության հղումներ

ՏՏ-ը հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր․ Փաշինյան


Գերմանիա - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Քյոլնի Տեխնիկական համալսարանում, Քյոլն, 31-ը հունվարի, 2019թ․

Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Քյոլնի Տեխնիկական համալսարանում ելույթ ունենալով «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո - Թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» թեմայով:

«Արդեն տասնամյակներ շարունակ տեխնոլոգիական հեղափոխություն է ընթանում, և դա անդառնալի իրականություն է, որը մեզ տեղափոխում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության շեմ: Այն սկիզբ դրեց ազատության և անկախության, համագործակցության և առանց սահմանների շփման և անսահման հնարավորությունների ուխտի», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - «Մենք ականատեսն ենք առաջադեմ վերափոխման այն ամենի, ինչ ասում և անում ենք: Թվային սարքերը փոխեցին հաղորդակցության եղանակները. Այսօր կիրառվում են սպառողների, արտադրողների և մատակարարների, և որ առավել կարևոր է՝ քաղաքացիների և կառավարությունների միջև հարաբերության նոր բանաձևեր»:

«Տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս ունենալ կապի այնպիսի միջոցներ, որոնք չեն կարող վերահսկվել: Այս մեխանիզմը մարդկանց հնարավորություն է տալիս բարձրաձայնել իրենց տեսակետը և ունենալ հաշվետու կառավարություն, ժողովրդավարությունը դարձնել ավելի գործնական և մատչելի», - ընդգծեց վարչապետը՝ շարունակելով․ - «Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում. ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր: Սոցիալական ցանցերի միջոցով հայ ժողովուրդը համախմբվեց՝ ոչ ասելու նախկին վերնախավին, որը չէր վայելում ժողովրդի վստահությունը: Նրանք մերժեցին տասնյակ տարիների խաբեության և խարդախության դարաշրջանը: Թավշյա հեղափոխությամբ հայերը վերջ դրեցին վատ կառավարման դարաշրջանին` հանուն թափանցիկության: Նրանք վերջ դրեցին անսահմանափակ իշխանության դարաշրջանին՝ կառավարությանը պատասխանատվության կանչելու համար: Հայ ժողովուրդը վերջ դրեց հիմնարար իրավունքների և ազատությունների չարաշահմանը՝ կյանքի նոր որակ ապահովելու համար»:

«Թափանցիկություն, հաշվետվողականություն և մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանություն. ահա ոչ լրիվ ցանկն այն դրական փոփոխությունների, որ խոստանում է թվային և տեխնոլոգիական դարաշրջանը: Հայ ժողովուրդը հաջողությամբ կատարել է այդ ամենը և հավատարիմ է իրական ժողովրդավարություն հաստատելու իր հանձնառությանը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը: Այժմ մենք ունենք ոչ պակաս կարևոր խնդիր: Մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից», - շեշտեց Հայաստանի վարչապետը:

ՏՏ-ը և թվային դարաշրջանը բարձրացնում են երկրների միջազգային մրցունակությունը, նշեց Փաշինյանը և հավելեց․ - «Սա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական և աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն են ունենում գլոբալ գործընթացների վրա»:

«ՏՏ-ը բոլոր խաղացողների համար ապահովում է հավասար պայմաններ՝ նրանց դիրքից և կարողություններից անկախ: Այդ իսկ պատճառով, Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը: Հաշվի առնելով շուրջ հարյուրամյա վաղեմություն ունեցող ավանդույթները` մենք իրապես բռնել ենք տեխնոլոգիական և արդյունաբերական տնտեսություն կառուցելու ճանապարհը», - հայտարարեց վարչապետը: - «Մենք ցանկանում ենք պահպանել 21-րդ դարի չափանիշները, որպեսզի ընդլայնենք մեր հնարավորություններն ու հեռանկարները, որպեսզի Հայաստանը դառնա բարձրարժեք և գիտելիքահեն ապրանքներ և ծառայություններ արտադրող և մատուցող երկիր՝ հիմքում ունենալով ստեղծագործ մարդկային կապիտալ»:

«Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը, որտեղ արտադրվել է Նաիրի-2-ը՝ խորհրդային ժամանակաշրջանի առաջին կիսահաղորդչային համակարգիչը և աշխարհում առաջիններից մեկը: ԽՍՀՄ-ի սուզանավերի և տիեզերանավի համար հաշվարկային համակարգերի և էլեկտրոնիկայի հիմնական բաղադրատարրերի մեծ մասը հղացվել և արտադրվել է Հայաստանում: Կիսահաղորդչային տեխնիկա նախագծող, արտադրող, փորձարկող և ինտեգրող կենտրոնների մեծ մասը գործում էին Հայաստանում», - ասաց Փաշինյանը:

«Այսօր Հայաստանի ներուժը ընդլայնվել է: ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին յոթ տարիների ընթացքում աճել է հինգ անգամ, տարեկան 25 տոկոսով: Synopsys, National Instruments, Cisco, VMWare, TeamViewer, Mentor Graphics-ը (Siemens- ին պատկանող) և շատ այլ անդրազգային ընկերություններ գիտահետազոտական գրասենյակներ ունեն Հայաստանում, որոնցում ներգրավված են հազարավոր մասնագետներ, ովքեր լուծում են 5G և մեքենայական կապին, իրերի համացանցին (Internet of Things), արհեստական ինտելեկտին, ռոբոտներին առնչվող բարդ խնդիրներ», - նշեց Հայաստանի վարչապետը Քյոլնի Տեխնիկական համալսարանում իր ելույթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG