Մոսկվայի Բասմանի դատարանը երեկ երեկոյան երկու ամսով կալանավորել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի անդամ Ռաուֆ Առաշուկովին։
Առաշուկովի փաստաբանների խնդրանքով դատավարությունն անցել է փակ ռեժիմով։
Սենատորին երեք մեղադրանք է առաջադրված, այդ թվում՝ սպանության հոդվածով։
Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ եթե Առաշուկովին չկալանավորեն, նա կփորձի փախուստի դիմել։
Կոմիտեն ստուգում է, թե արդյոք Առաշուկովն ունի երկքաղաքացիություն՝ խոսքն Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիության մասին է։
Ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ Առաշուկովի երեկվա ձերբակալությունը Դաշնային խորհրդի դահլիճից ցուցադրական էր։
31-ամյա սենատորի փաստաբան Եվգենի Ուսինը երեկ դատարանում հայտարարել է, որ իր պաշտպանյալը մեղադրանքները չի ընդունում։
Երեկ ձերբակալել են նաև պատգամավորի հորը՝ Ռաուլ Առաշուկովին, ով «Գազպրոմ»-ի թոփ մենեջերներից է, և նրան մեղադրում են նաև «Գազպրոմ»-ում մեքենայությունների համար։
Հետաքրքիր է, որ հարցաքննության ժամանակ Կարաչևո-Չերքեզիան ներկայացնող երիտասարդ սենատորը պահանջել է թարգմանիչ՝ ասելով, որ ռուսերենին այնքան էլ լավ չի տիրապետում։
Առաշուկովների ընտանիքն ամենահարուստ և ազդեցիկ ընտանիքներից է Հյուսիսային Կովկասում։ Սենատորի կինը մահմեդական նորաձևության բուտիկ ունի Մոսկվայի ամենաթանկ փողոցում։ Երեկ ձերբակալվել են ընտանիքի մի քանի անդամները, սենատորի օգնականը և վարորդը։
Առաշուկովները համարվում են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մտերիմները, ձերբակալության իրական պատճառը, ռուսաստանցի փորձագետների կարծիքով, Առաշուկովների և «Գազպրոմ»-ի ղեկավարության միջև առկա տարաձայնություններն են։
Ավելի վաղ Չեչնիայի իշխանությունները պահանջել էին, որ «Գազպրոմ»-ը չեղարկի Չեչնիայի բնակիչների պարտքը «Գազպրոմ»-ին, սակայն գազային հսկան չէր համաձայնել։