Թամրազյանները՝ երեք երեխաների հետ, հոկտեմբերից վերջից ստիպված էին ապրել եկեղեցու ձեղնահարկում, քանի որ դատարանը մերժել էր երկրում օրինական բնակվելու նրանց դիմումը: Բողոքական եկեղեցին ոչ միայն կացարան էր տվել, այլև սկսել էր անընդմեջ՝ շաբաթվա մեջ յոթ օր, առավոտից գիշեր պատարագ ու ծես մատուցել՝ նրանց արտաքսումից փրկելու համար:
Ըստ տեղական օրենքների, ոստիկանները չեն կարող եկեղեցի մտնել, քանի դեռ ներսում կրոնական արարողություն է անցկացվում:
Փախստական ընտանիքին օգնելու՝ եկեղեցու որոշումը հարյուրավոր մարդկանց էր համախմբել: Հաագայից հեռու և մոտ քաղաքներից տասնյակ կամավորներն միացել էին եկեղեցու սպասավորներին՝ շուրջօրյա հերթապահություն անցկացնելու:
«Ես չկարողացա անտարբեր մնալ: Օրվա մեջ մեկ ժամն ինչ է, որ չկարողանայի տրամադրել՝հանուն մարդասիրության», - BBC-ին պատմել էր կամավորներից մեկը՝ Ալիդա Գրունևելդը: - «Ինձ շատ էր հուզել այս ընտանիքի, ինչպես նաև բոլոր այն երեխաների պատմությունը, որ արմատներ են գցել Նիդեռլանդներում, սակայն չեն կարող իրենց ապագան այստեղ կառուցել: Մենք՝ որպես եկեղեցի, որպես հավատացյալ, պարտավոր ենք մարդասիրություն ցուցաբերել»:
Եկեղեցու՝ ամիսներ շարունակված աննախադեպ այս մարաթոնից հետո երեկ իշխող կոալիցիան ի վերջո փոխհամաձայնության եկավ օրենսդրական մի նախագծի շուրջ, որով փախստական ընտանիքները կարող են օրինական բնակության իրավուքն ստանալ՝ եթե նրանց երեխաները ծնվել կամ մեծացել են Նիդեռլանդներում:
«Սա շատ դժվարին, բայց կարևոր համաձայնություն էր», -խորհրդարանում օրեր շարունակված թեժ բանավեճերից հետո հայտարարեց պետնախարար Մարկ Հարբերսը: - «Մենք այս օրենքով ուզում ենք ոչ միայն այսօրվա, այլև ապագայի խնդիրները լուծել, և հստակ պատկերացում տալ մարդկանց, թե որ դեպքում կարող են Նիդեռլանդներում ապաստանելու իրավունք ստանալ, և որ դեպքում չպետք է նման հույսեր ունենան: Մեկ բան հստակ է՝ այսուհետ, եթե դատարանները արտաքսման որոշում կայացնեն, բոլորն են պարտավոր դրանց հետևել, և ոչ թե հույսեր տածել, թե կարող են մեծ աղմուկ բարձրացնելով իրավիճակ փոխել»:
Թամրազյանների պատմությունը, իսկապես, մեծ աղմուկ էր բարձրացրել, բայց միակը չէր: Ըստ վիճակագրության, շուրջ 700 անչափահաս ավելի քան հինգ տարի ապրում է Նիդեռլանդներում՝ առանց բնակության իրավունքի, ամեն պահ արտաքսման վտանգն աչքի առջև:
Թամրազյանները, օրինակ, Նիդեռլանդներ էին տեղափոխվել Հայաստանում 2008-ի արյունալի դեպքերից հետո: Երեք երեխաներից ամենամեծը՝ 21-ամյա Հայարփին լրատվամիջոցներին պատմել էր, որ Հայաստանից շատ բան չի հիշում, հայերեն, ցավոք, չգիտի․ - «Ես բանաստեղծություններ եմ գրում իմ կյանքի, իմ հավատի մասին: Մենք արդեն ավելի քան 8 տարի այստեղ ենք ապրում: Մեր ընկերները, դասերը, ամեն ինչ Նիդեռլանդների հետ է կապված: Չգիտեմ, եթե վերադառնամ Հայաստան, ի՞նչ եմ անելու, նույնիսկ հայերեն գրել չգիտեմ»:
Թամրազյաններին ապաստան տված Հաագայի եկեղեցին այսօր կեսօրին դադարեցրել է հոկտեմբերից սկսված պատարագները: «Մեզ վստահեցրել են, որ նրանց չեն արտաքսելու», - ավետել է եկեղեցու առաջնորդը:
Թամրազյանների ավագ դուրստրը՝ Հայարփին, ավելի ուշ եկեղեցում կազմակերված ասուլիսում խոստովանել է․ - «Այս փորձությունն ավելի ամրապնդեց և ուժ տվեց մեր ընտանիքին: Եվ ամենակարևորը՝ մենք զգացինք, թե որքան հզոր է մարդասիրությունը»: