Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմությանը հաջողվեց վերջին 14 տարիների ամենամարդաշատ հանրահավաքն անցկացնել. «Թուրան»


Ադրբեջանական ընդդիմության հունվարի 19-ի հանրահավաքը Բաքվում
Ադրբեջանական ընդդիմության հունվարի 19-ի հանրահավաքը Բաքվում

«Հունվարի 19-ին ադրբեջանական ընդդիմությանը հաջողվեց վերջին 14 տարիների ընթացքում ամենամարդաշատ հանրահավաքն անցկացնել», - նշում է Ադրբեջանի ամենահեղինակավոր անկախ լրատվամիջոցի` «Թուրան» գործակալության ղեկավար Մեհման Ալիևը` փորձելով վերհանել ադրբեջանական հանրության շրջանում դժգոհությունների աճի պատճառները:

«Թուրան» գործակալության ռուսալեզու Contact.az կայքում հրապարակած հոդվածում Մեհման Ալիևը պնդում է, որ Ալիևի վարչակազմը հիմնարար ճգնաժամի մեջ է:

Դրա պատճառները, ըստ ադրբեջանցի լրագրողի, մի քանիսն են` տնտեսական ծանր կացությունը, տեղեկատվական հոսքերի առատությունը և ներիշխանական պայքարը:

«Անկասկած է, որ դժգոհությունների աճի հիմնական խթանը դարձավ Ադրբեջանում անհիմն կերպով ձգձգված սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որի շուտափույթ հաղթահարման բնակչության հույսերն այդպես էլ չարդարացան», - նշում է Մեհման Ալիևը` թվային մի շարք տվյալներով ապացուցելով, որ 2015 թվականից ի վեր ադրբեջանական տնտեսությունը բավական ծանր վիճակում է գտնվում:

«Ազգաբնակչության գրեթե բոլոր խմբերի կենսամակարդակի անկումը շարունակվում է: Միջին աշխատավարձը 542 ամերիկյան դոլարից նվազել է` հասնելով 224 դոլարի: Առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճել են շուրջ 40 տոկոսով, մանաթն արժեզրկվել է ավելի քան երկու անգամ, երկիրը մեծապես կախված է տարատեսակ ապրանքների ներկրումից: Կաթի ներկրումը Ադրբեջան աճել է 2, իսկ մսինը` 4 անգամ», - գրում է «Թուրան»-ի տնօրենը` մանրամասնելով. - «Ճգնաժամի մյուս պատճառը համացանցի հասանելիությունն է, ինչը զրոյացնում է պետական քարոզչության ջանքերը»։

Ադրբեջանում համացանցը հասանելի է 8 միլիոն մարդու համար, նրանցից 3 միլիոնը ներկայացված են սոցիալական ցանցերում: Նման պայմաններում համացանցը զարգանում է իշխանությունների սահմանափակ վերահսկողության պայմաններում` տեղեկատվության տարածման տեմպերով առաջ անցնելով հեռուստատեսությունից և տպագիր մամուլից:

«Նման իրավիճակում պետական քարոզչական մեքենան տեղեկատվական հասարակությանը հակադարձելու շատ սահմանափակ հնարավորություններ ունի: Կառավարամետ տեղեկատվության հանդեպ վստահությունն ուղղակի կապ ունի իշխանության հանդեպ վստահության հետ, որը, սակայն, օրեցօր հալչում է», - նշում է Մեհման Ալիևը:

Լրագրողի պնդմամբ, Ադրբեջանում առկա ճգնաժամն է՛լ ավելի է խորանում իշխանության ներսում ներկայացված կլանների պայքարի պատճառով:

«Վերջին միտումները վկայում են, որ իշխանությունը կենտրոնանում է նախագահի ձեռքում, իսկ չինովնիկական օլիգարխիան գնալով թուլանում է», - պնդում է «Թուրան» գործակալության տնօրենը` համոզմունք հայտնելով, որ վերը նշված գործոններն «իրական քաղաքական գործընթացի գլխավոր բաղադրիչներն են, դրանք կարող են հանգեցնել հեղափոխական հետևանքների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG