Մատչելիության հղումներ

2018 թվականին Հայաստանում խոսքի ազատությունը ավելի բարձր մակարդակում է եղել, քան նախորդ տարիներին․ զեկույց


Ոստիկանները բերման են ենթարկում լրագրող Տիրայր Մուրադյանին, 20-ը ապրիլի, 2018թ․

2018 թվականին լրատվամիջոցները աշխատել են շատ ավելի ազատ պայմաններում, խոսքի ազատությունը ավելի բարձր մակարդակում է եղել, քան նախորդ տասնամյակների ընթացքում էր, արձանագրում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն:

«Դրա մասին են վկայում ընտրությունների ժամանակ գրանցված իրավիճակները, երբ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ֆիզիկական բռնության որևէ դեպք մենք չենք արձանագրել, իսկ ճնշումների կամ խոչընդոտումների դեպքերը շատ արագ հարթվել են հենց նույն ընտրական տեղամասում», - փաստում է ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը:

2018 թվականը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայաստանյան լրատվամիջոցների համար լարված և բարդ ժամանակաշրջան է համարում՝ պայմանավորված երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ և հետագա քաղաքական զարգացումներով։ Կոմիտեն լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների խախտումների գերակշիռ մասը գրանցել է ապրիլին՝ հեղափոխության շրջանում։ Ընդհանուր առմամբ, 2018 թվականին գրանցվել է լրագրողների ու օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության 21 դեպք, որը 10-ով ավելի է, քան 2017-ին։

«Դա պայմանավորված է եղել հեղափոխության, երբ այն թեժ ժամանակահատվածում ոստիկանությունը հակազդում էր ոչ միայն ցուցարարներին, այլև լրագրողներին և օպերատորներին, և դա է պատճառը, որ հենց այդ շաբաթների ընթացքում 18 ֆիզիկական բռնության դեպք արձանագրեցինք», - մանրամասնում է Մելիքյանը: - «Ուրիշ հարց է, որ արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո այդ բռնությունները դադարեցին և միանգամից այդ ալիքը նստեց: Նույնը կարելի է ասել ճնշումների մասին»:

ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 67 դեպք է արձանագրվել, որը 2017-ի համեմատ՝ 46-ով նվազ է, իսկ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը 2018-ին կազմել է 98, 2017-ի համեմատ՝ 33-ով ավելի։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատում է՝ պետական մարմիններից տեղեկություններ ստանալը բարդացել է.- «Միգուցե պայմանավորված նրանով, որ պաշտոնյաները գերադասում են Ֆեյսբուքով խոսել, բայց դա չի նշանակում, որ ֆեյսբուքյան լայվերը պետք է ամբողջությամբ փոխարինեն պետական մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատանքը»:

Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ընդգծում է՝ անհրաժեշտ է զբաղվել Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքով, որն, ըստ նրա, վերջին 18 տարիների ընթացքում դաշտի կարգավորման վրա բացասական ազդեցություն է ունեցել: - «Դա պետք է անել, որպեսզի ավելի լուրջ և կարևոր դեր խաղա մեր հասարակությունում և տեղեկատվական ոլորտում Հանրային հեռուստառադիոընկերությունը, որպեսզի մասնավոր ընկերությունների գործունեության կարգավորումը նույնպես քաղաքակիրթ մեխանիզմներով ապահովվի, որպեսզի չլինեն մենաշնորհներ, որոնք դեկլարատիվ կարգով օրենքով արգելվում են, բայց իրականում մենք ունենք հեռարձակվող լրատվամիջոցների ոլորտում պահպանվող մենաշնորհներ», - ասում է Նավասարդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG