Մատչելիության հղումներ

Եվրամիությունը չի պատրաստվում նոր բանակցություններ նախաձեռնել «Բրեքզիթի» հարցով


Մեծ Բրիտանիա - Վարչապետ Թերեզա Մեյը Համայնքների պալատում, Լոնդոն, 29-ը հունվարի, 2019թ․

Եվրամիությունը լքելուց ուղիղ երկու ամիս առաջ Միացյալ Թագավորությունը փորձում է վերաբանակցել Բրյուսելի հետ արդեն իսկ համաձայնեցված և բրիտանական խորհրդարանի կողմից մերժված պայմանագրի դրույթները:

Երեքշաբթի երեկոյան Համայնքների պալատը վարչապետ Թերեզա Մեյին Եվրամիության հետ նոր բանակցություններ անցկացնելու մանդատ շնորհեց: Մեյի պնդմամբ՝ խորհրդարանի այդ քայլը վկայում է, որ բրիտանական քաղաքական դաշտը չի ցանկանում, որպեսզի երկիրը Եվրամիությունը լքի այսպես կոչված «կոշտ Բրեքզիթի» սցենարով:

«Ես համակարծիք եմ, որ մենք Եվրամիությունը չպետք է լքենք առանց համաձայնագրի կնքման: Դրա հետ մեկտեղ, համաձայնագրի բացակայությանը միայն ընդդիմանալով իրադարձությունների զարգացման նման սցենարը բացառել հնարավոր չէ», - հայտարարում էր Թերեզա Մեյը:

Բրիտանացի խորհրդարանականները նախևառաջ ցանկանում են, որպեսզի Մեյը փորձի նոր զիջումներ կորզել այսպես կոչված «հյուսիսիռլանդական բեքստոպի» հարցում: Բրիտանական խորհրդարանի կողմից մերժված համաձայնագրում տեղ գտած այս դրույթը վերաբերում էր Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդական Հանրապետության միջև սահմանային հսկողությանը: Նախատեսվում էր, որ Հյուսիսային Իռլանդիան կշարունակի ԵՄ մաքսային միության և միասնական շուկայի կազմում մնալ, եթե Լոնդոնը և Դուբլինը չկարողանան համաձայնության գալ ներիռլանդական սահմանի թափանցիկության շուրջ: Կղզու երկու հատվածներում սահմանային հսկողության բացակայությունը դարձավ այն առանցքային գործոնը, որը նպաստեց Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության կարգավորմանը: Լոնդոնում, սակայն, լուրջ մտավախություններ կան, որ Եվրամիության հետ հարաբերություններում Հյուսիսային Իռլանդիայի համար արվող բացառությունը կարող է վտանգել Միացյալ Թագավորության տարածքային ամբողջականությունը:

Բրյուսելում շարունակում են պնդել, որ Լոնդոնի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ անցկացնելու որևէ ցանկություն չունեն: Համայնքների պալատում կայացած քվեարկությունից հաշվված րոպեներ անց Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց․ - «Իռլանդական «բեքստոպը» Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունը լքելու շուրջ կնքված համաձայնագրի հատվածներից մեկն է: Իսկ այդ համաձայնագիրը վերաբանակցման ենթակա չէ»:

Եվրոպական խորհրդարանի` «Բրեքզիթի» հարցով գլխավոր բանագնաց Գի Վերհովսթադը ևս բացառում է Հյուսիսային Իռլանդիայի հարցում հնարավոր զիջումները:

«Ես չեմ կարծում, որ մենք կարող ենք նման քայլի գնալ մի շատ պարզ պատճառով` «բեքստոպը» համաձայնագրի դրույթներից մեկն էր: Մյուս կողմից, մենք կարող ենք Մեծ Բրիտանիայի հետ քննարկել մեր հետագա հարաբերությունները», - նշում էր Վերհովսթադը:

ԵՄ ամենաազդեցիկ պետություններից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ևս հարավեվրոպական պետությունների ղեկավարների Կիպրոսում ընթացող գագաթնաժողովի ավարտին հանդես եկավ կոշտ հայտարարությամբ:

«Եվրոպական խորհուրդը արդեն իսկ հայտարարել է, որ Եվրամիության և Միացյալ Թագավորության միջև համաձայնեցված պայմանագիրը ներկա պայմաններում լավագույնն է և վերաբանակցման ենթակա չէ: Հուսով եմ, որ բրիտանական կառավարությունը Համայնքների պալատում կայացած քվեարկությունից հետո ի վիճակի կլինի «Բրեքզիթի» հարցով ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բարնյեին ներկայացնել քայլերի այն հաջորդականությունը, որ թույլ կտա մեզ խուսափել բոլորի համար անցանկալի տարբերակից` առանց համաձայնագրի կնքման «Բրեքզիթից»: Ամեն դեպքում, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք նաև այդ տարբերակին», - նշում էր Մակրոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG