Մատչելիության հղումներ

Հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ աճող ոլորտներից է. ԱՃԹՆ փոխնախագահ


Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես նաև ոլորտի գործունեության հետ կապված սոցիալական, բնապահպանական, տեխնոլոգիական և այլ հարցերը, այսօր Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովին բացման խոսքում ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը նշել է՝ հետևապես պարզ է, որ ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը Հայաստանի համար առաջանային նպատակ է, որին հասնելու ամենահուսալի ճանապարհը Հայաստանում EITI-ի (ԱՃԹՆ) սկզբունքների բազմակողմանի ներդրումն էր։

ԱՃԹՆ փոխնախագահ Էդդի Րիչը նշել է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ աճող ոլորտներից է:

«Գնալով ավելի կարևոր է դառնում այն հարցում համոզված լինելը, որ ոլորտային քաղաքականության մասին տեղեկացվածության մակարդակը բարձր է և այն արդյունավետ է իրականացվում: Արդյունքում կապահովվի, որ Հայաստանը ստանում է այն, ինչ պետք է ստանար՝ միաժամանակ ստեղծելով գրավիչ ներդրումային միջավայր: Մենք շնորհավորում ենք Հայաստանին ԱՃԹՆ առաջին զեկույցի հրապարակման կապակցությամբ, որտեղ առաջին անգամ մեկ վայրում մանրամասն ներկայացված է, թե ինչպես է ողջ ոլորտը կառավարվում: Այս տեղեկատվությունը հիմնականում հասանելի է առցանց: Եվ այն լավ քաղաքականության հիմքն է», - ասել է Էդդի Րիչը։

Համաժողովը կազմակերպել են ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը։

Համաժողովին ներկա են Հայաստանի կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային քարտուղարության պատվիրակության և այլ անդամ երկրների կառավարությունների, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԱՃԹՆ-ի ազգային զեկույցը նպատակ ունի ոլորտին առնչվող համապարփակ տեղեկատվությունը զետեղել մեկ վայրում՝ շահագրգիռ կողմերին հնարավորություն ընձեռելով կիրառել դրանք վերլուծությունների իրականացման, հիմնախնդիրների շուրջ փաստարկված քննարկումների ծավալման, ինչպես նաև ոլորտում բարեփոխումների նախաձեռնման համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG