Մատչելիության հղումներ

Ակնկալում ենք մեր գործընկերների հետ սերտ համագործակցություն. Արմեն Սարգսյան


Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի տարածած հաղորդագրության, նախագահը նշել է. «Կարծում եմ` շատ օգտակար կլինի այսօր ավելի շատ խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին։ Ամեն օրը՝ այսօրը, վաղը, ի վերջո, դառնում են անցյալ, և եթե մենք տքնաջան չաշխատենք այն ավելի լավը դարձնելու համար, կվատնենք ամենաթանկարժեքը, որն ունի մարդկությունը՝ ժամանակը»:

Յոհաննես Հանն իր հերթին ասել է, որ մեծ նշանակություն են տալիս Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին և եկել են՝ լսելու, թե ինչ ծրագրեր կան և հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել:

Նախագահ Սարգսյանն առաջարկել է հատկապես մեծ ուշադրություն հատկացնել ապագային՝ 21-րդ դարի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլև տարբեր ոլորտներում արհեստական բանականության օգտագործման մասին է:

Նշելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից և դինամիկ երկիր՝ նախագահ Սարգսյանը ասել է. «Ցանկացած ոլորտում ինչ-որ անելու ենք, պետք է լինի միայն որակյալ: Եվ այստեղ է, որ ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը և սերտ համագործակցությունը նրանց հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG