Մատչելիության հղումներ

«Դարի գողություն» Տրետյակովյան պատկերասրահից


Ռուսաստան - Տրետյակովյան պատկերասրահից գողացված, ապա հայտնաբերված կտավը, լուսանկարը՝ Ռուսաստանի ՆԳՆ-ի
Ռուսաստան - Տրետյակովյան պատկերասրահից գողացված, ապա հայտնաբերված կտավը, լուսանկարը՝ Ռուսաստանի ՆԳՆ-ի

Ռուսաստանի ամենահայտնի թանգարաններից մեկում երեկ այցելուների ներկայությամբ հանգիստ գողացել են ռուսաստանցի ամենահայտնի նկարիչներից մեկի՝ Արխիպ Քուինջիի կտավը: Այս միջադեպը ռուսաստանցի բլոգերներն արդեն անվանել են «հոլիվուդյան գողություն», «դարի գողություն»:

Կիրակի երեկոյան անհայտ անձը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում այցելուների աչքի առաջ գողացել է Քուինջիի «Այ-Պետրի. Ղրիմ» կտավը: Ղրիմի լանդշաֆտը պատկերող նկարը Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանի հավաքածուից է և ժամանակավորապես էր ցուցադրվում Տրետյակովյան պատկերասրահի ինժեներական շենքում՝ Քունջիին նվիրված մեծ ցուցահանդեսային նախագծի շրջանակում:

Ականատեսների վկայությամբ՝ գողը հանգիստ մոտեցել է կտավին, հանել այն պատից, ապա՝ շրջանակից, և հանգիստ հեռացել դահլիճից կտավի հետ միասին: Մարդիկ պարզապես համոզված էին, որ տղամարդը պատկերասրահի աշխատակիցներից է, և ոչինչ չեն ասել ու չեն արել: Թանգարանի աշխատակիցը մոտեցել է դատարկ շրջանակին և առանց որևէ բան ասելու հեռացել: Տեսախցիկներն արձանագրել են գողության պահը: Հայտնի է, որ գողը մենակ չի գործել՝ առնվազն մեկ օգնական է ունեցել:

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը: Ընդ որում, ռուսական մամուլը գրել էր, որ ոստիկանությունը կտավի գողության մասին տեղեկացել է արդեն պատկերասրահում, ուր եկել էր ոչ թե տվյալ դեպքի կապակցությամբ, այլ որովհետև ահազանգ էր եղել թանկարժեք վերարկուի գողության մասին:

Քուինջին այսօր Ռուսաստանում անչափ մեծ ժողովրդականություն է վայելում: Գողացված կտավի ապահովագրական արժեքն է շուրջ 12 միլիոն ռուբլի, իսկ իրական արժեքը՝ շուրջ մեկ միլիոն դոլար:

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ մոսկովյան ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ՝ սա դասական պատվերով գողություն է:

Այսօր հաղորդվեց, որ Ռուսաստանի ոստիկանությունը վաղ առավոտյան Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի շինարարական օբյեկտներից մեկում հայտնաբերել է երեկ գողացված կտավը:

«Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչին, հայտնում է, որ ձերբակալվել է նաև գողության մեջ կասկածվող անձը: «Կասկածյալը 31 տարեկան է, նա արդեն իսկ ներգրավված էր մեկ այլ` թմրամիջոցներ պահելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, և քննչական մարմինները նրանից քաղաքից չհեռանալու մասին ստորագրություն էին վերցրել», - նշում են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG