Մատչելիության հղումներ

Կրեմլի խոսնակը հերքում է ռուսաստանցի վարձկաններին Վենեսուելա ուղարկելու մասին լուրերը


Վենեսուելա - Ցուցարարների և ոստիկանության բախումները Կարակասում, 23-ը հունվարի, 2019թ․
Վենեսուելա - Ցուցարարների և ոստիկանության բախումները Կարակասում, 23-ը հունվարի, 2019թ․

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է ռուսական մասնավոր ռազմական ընկերության վարձկաններին Վենեսուելա ուղարկելու մասին լուրերը: Պետական հեռուստաընկերությամբ երեկ հեռարձակված «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» լրատվական հաղորդման ընթացքում Պեսկովն ասել է, թե այդ լուրերը ճշմարտությանը չեն համապատասխանում: «Վախը հազար աչք ունի», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ՝ հունվարի 25-ին, երբ Reuters լրատվական գործակալությանը հաղորդել էր այդ մասին, Պեսկովն ասել էր, թե որևէ տեղեկություն չունի:

Reuters-ը, վկայակոչելով մի քանի աղբյուրներ, հաղորդել էր, որ «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հարյուրավոր վարձականներ են մեկնել Վենեսուելա՝ պաշտպանելու փակուղի մղված նախագահ Նիկոլաս Մադուրոյին: «Սպաների համառուսաստանյան համաժողովի» նախագահ Եվգենի Շաբաևը, ով կապեր ունի «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հետ, ասել է, թե մոտավորապես 400 վարձկան է մեկնել Վենեսուելա, մյուս աղբյուրները ավելի քիչ քանակ են նշել:

Ռուսաստանցի ակտիվիստ և բլոգեր Դմիտրի Ալեշկովսկին պնդում է, թե ապացույցներ է գտնել, որ պետական ավիաընկերությունը հնարավոր է վարձականներ է տեղափոխել Վենեսուելա: Նրա բերած փաստերով՝ բորտային RA-96019 համարի Իլ-96 օդանավը հատուկ չվերթով հունվարի 19-ին Մոսկվայից մեկնել է Սենեգալ, հունվարի 23-ին՝ Սենեգալից Պարագվայ, այնտեղից նույն օրը թռել է Հավանա, բայց հետո օդանավն անջատել է թռիչքին հետևելու հնարավորություն տվող ազդանշանները: Նա նշում է, որ այնուամենայնիվ, հրապարակային, հասանելի տվյալների համաձայն, օդանավը Պարագվայից հետո երկու անգամ է վայրէջք կատարել՝ հնարավոր է Հավանայում և Կարակասում, այնուհետև հետ է վերադարձել:

Reuters-ը նշել էր, որ հավանական է` վարձկանները Վենեսուելա են տեղափոխվել ոչ թե Ռուսաստանից, այլ երրորդ երկրների տարածքից, որտեղ նրանք հանձնարարություններ են կատարում:

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանները, ինչպես նախկինում հաղորդել է մամուլը, գաղտնի գործողությունների են մասնակցում արտասահմանյան պետությունների տարածքում, այդ թվում՝ Սիրիայում, Ուկրաինայում, Աֆրիկայում: Ըստ տարբեր աղբյուրների՝ այդ ընկերությունը վերահսկում է Ռուսաստանի նախագահի մերձավորներից մեկը համարվող Եվգենի Պրիգոժինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG