Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ՝ 688 հազար դրամ․ Հայկ Մարությանը պարգևավճարների մասին տեղեկություն է հրապարակել


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում հրապարակել է փոխքաղաքապետերի ու վարչական շրջանների ղեկավարների՝ տարեվերջին ստացած պարգևավճարների չափը։

«Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ՝ 956 հազար, որն առանց հարկերի անում է 688 հազար դրամ, Հայկ Սարգսյան՝ քաղաքապետի տեղակալ՝ 886 հազար, որը մաքուր անում է 637 հազար դրամ, Հարությունյան Սերգեյ՝ մաքուր՝ 637 հազար դրամ, Վիրաբյան Տիգրան՝ մաքուր՝ 937 հազար դրամ և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան՝ մաքուր՝ 637 հազար դրամ։ Վարչական շրջանների բոլոր 12 ղեկավարները մաքուր ստացել են 288 հազար դրամ, Հայկ Մարության՝ Երևանի քաղաքապետ՝ 0 դրամ, իսկ մնացած ցուցակը կհրապարակվի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում », - տեսաուղերձում ասում է Մարությանը։

Քաղաքապետը ներողություն է խնդրել քաղաքապետարանի այն աշխատակիցներից, ովքեր չէին ցանկանում, որ իրենց անհատական տվյալները հրապարակվեն։

«Խոսել եմ բազմաթիվ իրավաբանների հետ, և նրանց մեծ մասը գտնում է, որ այս ցուցակը պետք է հրապարակել, քանի որ սա հանրային ինֆորմացիա է։ Կա հանրային մեծ պահանջ այս ցուցակը հրապարակելու, իսկ սա ինձ համար ամենակարևորն է»։

Երևանի քաղաքապետարանն անցած տարեվերջից ընդդիմանում է ավագանու «Լույս» խմբակցության պահանջին և չի հրապարակում պարգևավճար ստացածների ցանկը: Հիմնավորումն այն է, որ անձնական տվյալներ են, և առանց աշխատակիցների թույլտվության իրավունք չունի տրամադրել 3-րդ անձին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG