Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ նիստում Մայք Փոմփեոն կոչ է արել Գուայդոյին ճանաչել Վենեսուելայի ժամանակավոր նախագահ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեո, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ԱՄՆ-ի նախաձեռնությամբ շաբաթ օրn արտահերթ նիստ գումարեց՝ քննարկելով Վենեսուելայի իրավիճակը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն աշխարհի երկրներին կոչ է արել Խուան Գուայդոյին ճանաչել Վենեսուելայի ժամանակավոր նախագահ:

«Այլևս ոչ մի հատաձգում, ոչ մի խաղեր, կամ Դուք կանգնում եք ազատության ուժերի կողքին, կամ Մադուրովի և նրա բռնությունների քաոսի հետ եք»,- ասել է նա:

Փոմփեոն Մադուրոյի կառավարությանը բնութագրել է որպես «անօրինական մաֆիոզ» իշխանություն՝ ասելով, թե «նրա սոցիալիստական էքսպերիմենտները հանգեցրել են տնտեսության փլուզմանն ու մարդկանց խորը աղքատության հասցրել:

Նա քննադատել է Մադուրոյի ռեժիմը պաշտպանող երկրներին, մասնավորապես, Ռուսաստանին և Չինաստանին:

«Զարմանալի չէ, որ սեփական տանը ժողովրդավարություն չունեցող երկրները չեն պաշտպանում Վենեսուելայի ժողովրդավարությանը», - ասել է Փոմփեոն:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբեզնյան ԱՄՆ-ին մեղադրել է Վենեսուելայում հեղաշրջման փորձը պաշտպանելու մեջ:

«Վենեսուելան միջազգային խաղաղության և անվտանգության համար սպառնալիք չէ, ուստի չի կարող օրակարգային հարց լինել (ՄԱԿ-ի ԱԽ-ի)», - ասել է Նեբեզնյան:

Եվրամիության խոշոր երկրների ներկայացուցիչներն ասել են, թե ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին կճանաչեն որպես ժամանակավոր նախագահ, եթե շատ մոտ ապագայում, նաև թիվ է նշվել, 8 օրից ընտրություններ չանցկացվեն:

Վասիլի Նեբեզնյան նման պահանջն աբսուրդ է համարել՝ ասելով, թե դա Վենեսուելայի ճգնաժամը լուծելու ճանապարհ չէ:

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Կուբան, Նիկարագուան պաշտպանում են անկյուն մղված նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Նրա հակառակորդ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին պաշտպանում են ԱՄՆ-ն, Կանադան, Հարավային Ամերիկայի մեծ երկրները՝ Բրազիլիան, Արգենտինան, Կոլումբիան, ինչպես նաև Եվրամիության ազդեցիկ երկրները:

Հունվարի 23-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքում Խուան Գուայդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG